հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը՝ Եվրախորհրդարանի կոշտ հայտարարության վերաբերյալ

Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը՝ Եվրախորհրդարանի կոշտ հայտարարության վերաբերյալ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ հունիսի 10-ին Եվրախորհրդարանի կողմից արված՝ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող նոր մայրուղու կառուցման վերաբերյալ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հունիսի 10-ին Եվրախորհրդարանում Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողները եւ պատվիրակության ղեկավարը համատեղ հայտարարություն են տարածել Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող նոր մայրուղու կառուցման վերաբերյալ:

Մենք մեծապես կարեւորում ենք աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող քայլերը եւ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր ճանապարհի կառուցումով, նորից վերահաստատում մեր աջակցությունը նմանօրինակ ջանքերին:

Վերհաստատում ենք նաեւ Արցախի Հանրապետության հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ կարեւորում բանակցային գործընթացի բոլոր փուլերին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը:

Միեւնույն ժամանակ փաստում ենք, որ Եվրախորհրդարանի երեք պատգամավորների վերոհիշյալ հայտարարությունը խիստ սուբյեկտիվ եւ կողմնակալ է իր բնույթով, իսկ նման մոտեցումները, ինչպես ցույց է տվել փորձը, միշտ էլ բացասական ազդեցություն են թողել մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանն ուղղված ջանքերին, որոնց ուղղությամբ տարիներ շարունակ իրենց գործունեությունն են իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները:

Վերոհիշյալ պատգամավորների սուբյեկտիվ մոտեցման մասին վկայում է նաեւ այն, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը նրանց կողմից երբեւիցե չի արժանացել ոչ մի արձագանքի:

Կոչ ենք անում խորհրդարանական կառույցներին, հասարակական ու քաղաքական գործիչներին դատապարտել ցանկացած նմանօրինակ քայլ՝ խստիվ հետեւելով միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին:

«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական հայրենիք» խմբակցություն

Արցախի «Արդարություն» խմբակցություն

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»։

  • Կիսվել: