ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Արայիկ Հարությունյանը Ֆրանսիայի Եվրոպական քաղաքական համայնքի հարցերի հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստության ընթացքը

Արայիկ Հարությունյանը Ֆրանսիայի Եվրոպական քաղաքական համայնքի հարցերի հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստության ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպական քաղաքական համայնքի հարցերով հատուկ հանձնակատար, արտակարգ և լիազոր դեսպան Հյուգ Մորեին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում հաջորդ տարվա մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացմանն ու այդ ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում, և ՀՀ Կառավարությունը ներդնում է բոլոր ջանքերը՝ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի համոզմամբ՝ գագաթնաժողովի հյուրընկալումն էլ ավելի կամրապնդի ՀՀ–ԵՄ համագործակցությունն ու կնպաստի համատեղ նոր ծրագրերի իրականացմանը։

Հյուգ Մորեն համոզմունք է հայտնել, որ միջոցառումը մեր երկրում կանցնի լավագույնս և ընդգծել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով աջակցելու  նախապատրաստական հետագա աշխատանքներին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու այդ առումով կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը։   

  • Կիսվել: