շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առանց իրավական հիմքի որևէ քարտեզ պարզապես գեղանկարչություն է․ վարչապետ

Առանց իրավական հիմքի որևէ քարտեզ պարզապես գեղանկարչություն է․ վարչապետ

Հայաստանը դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսելիս հենվում է իրավական որոշումների վրա։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա է մեր պետության որդեգրած տրամաբանական դիրքորոշումն է։

«Եթե խոսում ենք քարտեզների մասին, պետք է հենվենք այն քարտեզների վրա, որոնք իրենց հերթին հիմնված են իրավական որոշումների վրա։ Առանց իրավական հիմքի որևէ քարտեզ պարզապես գեղանկարչություն է»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ ուսումնասիրություններ են արվել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների կամ քարտեզների ինչ իրավական հիմքեր կան։ «Մենք առաջարկել և առաջարկում ենք, որ հենց այս սկզբունքով իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա և դելիմիտացիա։ Սա նշանակում է, որ Խորհրդային Հայաստանն ու Խորհրդային Ադրբեջանը բաժանող սահմանները, որոնք, իմիջիայլոց, 1991 թվականին ԱՊՀ ձևավորման Ալմաթիի հռչակագրով, հետագայում նաև համապատասխան համաձայնագրով վավերացվել են խորհրդարանների կողմից, արդեն ճանաչվել են։ Պնդումը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, ճիշտ չէ։ Այդ սահմանը կա և այդ սահմանն այսօր խախտված է Ադրբեջանի կողմից, որը երկփուլանի ագրեսիա է իրականացրել․ առաջին փուլը՝ 2021 թվականի մայիսի 12-ին, երկրորդը՝ հիմա»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Ադրբեջանը կոնկրետ ագրեսիա է իրականացրել և իրականացնում, և Հայաստանը բոլոր դիվանագիտական, քաղաքական, ռազմաքաղաքական մեթոդները պետք է օգտագործի՝ իր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը պաշտպանելու համար։

  • Կիսվել: