Առանց Հայրապետի օրհնության իշխանությունների հետ հանդիպող եկեղեցականը ենթակա է բարձրագույն հոգևոր իշխանության ամենախիստ վճռին. Հայր Ասողիկ
Առանց Հայրապետի օրհնության իշխանությունների հետ հանդիպող եկեղեցականը ենթակա է բարձրագույն հոգևոր իշխանության ամենախիստ վճռին: Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասել է Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ անդրադառնալով եպիսկոպոսների հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
՛՛Եկեղեցին ունի կանոն, որ որևէ եկեղեցական՝ խոնարհ աստիճան Ավորից մինչև բարձրաստիճան, պետական իշխանությունների հետ հանդիպելիս պետք է ունենա իր վերադասի, այս դեպքում Հայոց Հայրապետի օրհնությունը՛՛,-նշել է Հայր Ասողիկը:
Խոսելով այսօր համացանցում հայտնված ու եպիսկոպոսներին վերագրվող հայտարարության մասին՝ նա նշել է. ՛՛Ազգընտիր և օծյալ ամենայն հայոց Հայրապետին որևէ մեկը ոչ բարոյական, ոչ էլ կանոնական իրավունք չունի հեռացնել: Մենք էլ ձեզ նման մամուլից ենք իմացել և չգիտենք` վավերական է, թե չէ։ Որևէ այլ մեկնաբանություն այս պահին չեմ կարող տալ, միայն կարող եմ ասել` հայ եկեղեցին միայն ամուր է, հայ եկեղեցին միշտ միասնական է, իսկ եթե մեկն իրեն այդ միասնությունից դուրս է դնում, դա իր խնդիրն է, և այդ 1–2-3–ով եկեղեցին չի կազմալուծվում, որովհետև եկեղեցին աստվածային հաստատություն է:


