«Ապրիլյանի» հանձնաժողովը «կհարցաքննի» ևս 2-3 պաշտոնյայի
Ազգային ժողովի ապրիլյան իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովը այլևս 2-3 մարդ պետք է հրավիրի իր նիստերին, հիմնական հրավիրյալները արդեն ներկայացել են և պատասխանել հարցերին: Այս մասին Ազգային ժողովի ապրիլյան իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
««Ապրիլյանի» հետ կապված բոլոր մանրամասները, ամենամեծ տեղեկատվությունը այս պահին գտնվում է ԱԺ շենքում»,- հավաստեց նա:
Քոչարյանը նաև նշեց, որ զեկույցը ամբողջովին հրապարակային չի լինի, քանզի այնտեղ պարունակվում են գաղտնիքներ: Քոչարյանը հավելեց նաև, որ զեկույցը պատրաստելիս կծանոթանա իհարկե ՀՀ ՊՆ-ի համապատասխան զեկույցի հետ, սակայն տեղյակ է, որ Արցախի Պաշտպանության բանակը ավելի լիարժեք փաստաթուղթ է պատրաստել:
«Ես նամակ եմ ուղարկել Պաշտպանության բանակին, որ իրենց վերլուծությունները տրամադրեն մեզ»,- եզրափակեց Քոչարյանը:


