կիրակի, օգոստոս 14
14 / 8 / 2022
«Ապրելու երկիր» կուսակցության համար Սահմանադրության նկատմամբ հարգանքը առաջնային պարտականություն է

«Ապրելու երկիր» կուսակցության համար Սահմանադրության նկատմամբ հարգանքը առաջնային պարտականություն է

«Ապրելու երկիր» կուսակցությունն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում ասված է․

«Իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով: Այսօր Հայաստանի Սահմանադրության օրն է, և օրվա առիթն օգտագործելով՝ ընդգծում ենք՝ Մայր Օրենքի հենց այս հիմնարար կետի ամրագրումն է «Ապրելու երկիր» կուսակցության համար շարժիչ ուժը քաղաքականությունում։ Մենք իշխանության գալու ամենաուղիղ ճանապարհը համարում ենք ընտրություններում մեր հաղթանակը։ Երեկվանից սկսած, այսօր և անընդհատ աշխատում ենք ստեղծել այնպիսի առաջարկ, որը ժողովուրդն ընդունի և մեզ պատվիրակի այն իրականացնելու։

«Ապրելու երկիր» կուսակցության համար Սահմանադրության նկատմամբ հարգանքը առաջնային պարտականություն է, և դրանից բխում է սեփական օրինակով նաև այլոց մեջ նույն զգացումը բարձր պահելու ձգտումը։ Մայր օրենքը պետք է արտացոլի ժողովրդի և պետության գերակայությունները, որին անվերապահորեն հետևելը պետք է լինի յուրաքանչյուր իշխանության պարտականությունը։ Պետք է երբեք չմոռանալ փաստաթղթում ամրագրվածը՝ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։ Եվ ժամանակի մարտահրավերներին այն համապատասխանեցնելու մասին քննարկումները պետք է ունենան առողջ հիմք ու անցնեն լուրջ փուլերով, երբեք չդառնան օրվա շահերը սպասարկելու, սեփական օրակարգերին ծառայեցնելու միտում, ինչը, ցավոք, շարունակում է մնալ օրվա իշխանությունների անփոփոխ ձեռագիր։ Այդուհանդերձ, անքակտելի և անբեկանելի պետք է մնա Սահմանադրության առաջին հոդվածը՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:

  • Կիսվել: