ԱՊՀ երկրները կխորացնեն համագործակցությունն անդրազգային հանցավորության դեմ պայքարում
Նախագծի նպատակն է ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու համար բարձրացնել անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը և խորացնել ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը։ Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Խորհրդարանը սեպտեմբերի 14-ին քննարկել է ««Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Ըստ Արմեն Ղազարյանի՝ պայմանագրով նախատեսվում է արդյունավետ միջոցներ ձեռնարկել պետական սահմանով վերահսկելի օբյեկտների (թմրանյութեր, զենք, մշակութային, պատմական, արվեստի արժեքներ և այլն) ապօրինի փոխադրմանն ու համանման հանցագործություններին հակազդելու, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցության առկա իրավական մեխանիզմները կատարելագործելու ուղղությամբ։
Պայմանագրի հիմնական սկզբունքներն են մարդու ու քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև կողմերի ազգային օրենսդրության պահպանումը։ Միաժամանակ, փաստաթղթով նախատեսվում է ապահովել միջազգային վերահսկելի մատակարարման մասնակիցների անվտանգությունը։
Արմեն Ղազարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին։
Հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին։
Հիմնական և հարակից զեկուցողներն իրենց եզրափակիչ ելույթներում անդրադարձել են պատգամավորների հնչեցրած հարցերին։
Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախաձեռնությունը։



