հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ապագա խաղաղության պայմանագիրը պետք է հենվի միջազգային ամուր երաշխիքների, այլ ոչ թե հակառակորդի քմահաճույքների վրա. Կարապետյան

Ապագա խաղաղության պայմանագիրը պետք է հենվի միջազգային ամուր երաշխիքների, այլ ոչ թե հակառակորդի քմահաճույքների վրա. Կարապետյան

Ազգը, որը երեք տասնամյակ պահպանել է հաղթողի կարգավիճակը, չպետք է ընդունի պարտված կողմի պիտակը մեկ ճակատամարտում կրած պարտության պատճառով, իսկ ապագա խաղաղության պայմանագիրը պետք է հենվի միջազգային ամուր երաշխիքների, այլ ոչ թե հակառակորդի քմահաճույքների վրա։ Այս մասին Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Դիմելով սահմանամերձ բնակավայրի բնակիչներին՝ նա ասել է, որ ժամանակավոր դժվարությունները չպետք է ընկճեն այն ժողովրդի ոգին, որը պատմականորեն ապացուցել է իր ուժը։

Կարապետյանի խոսքով՝ խաղաղության ձգտումը չպետք է վերածվի անվերապահ հնազանդության մյուս կողմի պահանջներին։

«Մենք իսկապես ուզում ենք կնքել խաղաղության պայմանագիր, բայց ուզում ենք, որ այդ պայմանագիրն ունենա երաշխավոր, որպեսզի իմանանք՝ բացի նրանց քմահաճույքներից, մենք ունենք նաև այլ երաշխիքներ»,-ասել է նա և հավելել, որ պետության անվտանգությունն ուղղակիորեն կախված է նրա քաղաքացիների բարեկեցությունից՝ հայտարարելով, որ երկրին այսօր առավել քան երբևէ պետք է «հարուստ ժողովուրդ», որն ունակ է ամուր կանգնել իր հողի վրա։

Կարապետյանը նաև խորին երախտագիտություն է հայտնել նոյեմբերյանցիներին, որոնք ամեն օր իրենց ուսերին են կրում սահմանին ապրելու ամբողջ ծանրությունը, և կոչ է արել նրանց պահպանել անսասան կամքը։ «30 տարի հաղթած ժողովուրդը մեկ ճակատամարտում կրած պարտությունից հետո չի կարող պարտված դառնալ»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ իր ներկայացրած քաղաքական ուժը կներդնի բոլոր ջանքերը պետության ամրապնդման համար։

Ամփոփելով իր խոսքը՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ միայն հասարակության և պատասխանատու իշխանության համատեղ աշխատանքը հնարավորություն կտա հաղթահարել ընթացիկ մարտահրավերները և վերադարձնել Հայաստանի արժանապատվությունը։

  • Կիսվել: