կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից հրաժավելու Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մտադրությունից. ԱՀ պետնախարար

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից հրաժավելու Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մտադրությունից. ԱՀ պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ Արցախի շրջափակման ընթացքում 2023 թվականին ավելի մեծ ծավալի գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել, քան 2020 թվականի պատերազմից հետո երկու տարիներին:

«Այդ ամենը կատարվել է ադրբեջանական զինված ուժերի կրակի տակ եւ մեր քաղաքացիների կյանքի ու մահվան գնով: Մեր աշխատանքի արդյունքն է, որ ավելի քան 40 օր ապրելով լիակատար շրջափակման պայմաններում, Արցախի ժողովուրդը կարողանում է գտնել որոշակի սնունդ՝ սովի չմատնվելու համար: Ցավոք արդեն տեւական օրեր է, հասկանալի պատճառներով մենք չունենք մնացած մթերքը բնակիչներին հասցնելու, բերքը հավաքելու, սովորական հացը քաղաքացուն հասանելի դարձնելու, հիվանդին հիվանդանոց հասցնելու հնարավորություն:Կարծում եմ՝ այս ամենի մեղավորը հայտնի է Ադրբեջան անունով, արցախի ժողովուրդն այստեղ մեղքի բաժին չունի: Այո, ՀՀ ժողովուրդն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ֆինանսական օգնություն է ցուցաբերում Արցախի ժողովրդին, որի համար մեր մեծ շնորհակալությունն ենք հայտնում, բայց այդ միջոցները Արցախի շրջափակման ընթացքում օգտագործվել եւ հիմա էլ օգտագործվում են Արցախի 40 հազար տեղահանված քաղաքացիներին. 30 հազար երեխաներին եւ շրջափակման ընթացքում աշխատանքից ու եկամտից զրկված մեր ավելի քան 50 հազար քաղաքացիներին ու ընտանիքների գոյությունը պահպանելու հնարավորություն տալու համար»,- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքին իր ելույթում ասաց պետնախարարը:

Նա նշեց, որ պատրաստ է մանրամասն հաշվետվություն ներկայացնել ամեն մի դրամի ծախսման վերաբերյալ:

Անդրադառնալով Փաշինյանի այն քննադատությանը, թե Երեւանում իրականացվող իրազեկման ակցիաները Արցախի կառավարության կողմից են ուղղորդվում, նա ասաց, որ դրանք որեւէ մեկի կողմից չեն կառավարվում:

«Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների կողմից ՀՀ-ում իրականացվող իրազեկման ակցիաներին, ապա դրանք որեւէ տեղից չեն կառավարվում, դրանք այս օրհասական պահին հայ ժողովրդի այլընտրանքային դիրքորոշումը բարձրաձայնելուն եւ լսելի դարձնելուն ուղղված տարագիր արցախցիների գուցե հուսահատ քայլերն են: Բայց մենք համոզված են, որ ՀՀ ժողովուրդը համաձայն չէ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն եւ որեւէ մեկին նման լիազորություն չի տվել ու հարկ եղած դեպքում պատրաստ ու կարող է հայտարարել դա»,-ասաց նա:

Նա հայտարարեց, որ այսօր Արցախի շահերը ներկայացնողը Հայաստանն է, եւ այդ պատճառով պահանջները հղում են ՀՀ իշխանություններին:

«Այդ պահանջներն են.

Արցախի ժողովրդի ճակատագիրը կարող է որոշվել միայն Արցախի ժողովրդի կողմից, որեւէ մեկը լիազորված չէ մեր անունից որոշելու մեր ապագան, իսկ Արցախի ժողովուրդը պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը, այդ հակամարտության կարգավորման գործընթացում,

Արցախն ու Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում, անընդունելի է ՀՀ կողմից արցախն ու Արցախի ժողովրդին Ադրբեջանի կազմ ընդունելու ցանկացած բանավոր եւ գրավոր հայտարարություն: Ինչպես վկայում են տեղի ունեցող իրադարձությունները, դրանք կործանարար են Արցախի համար եւ նպաստում են ադրբեջանի կողմից նորանոր հանցավոր արարքներ կատարելու:

Տասնամյակներ առաջ ծրագրվող ցեղասպանությունից փրկվելու համար համայն հայության անվերապահ սատարմամբ Արցախի ժողովուրդն օգտվել է ինքնորոշման իր իրավունքից, ստեղծել է պետություն, կազմակերպել է արդի աշխարհակարգում ըննդունելի պետական կառավարման համակարգ եւ ձեւավորել կայուն, ինքնակառավարվող հասարակարգ ուսահմանադրական իրավակարգ, ուստի Արցախը չի կարող Ադրբեջանի տարածքասյին ամբողջականության մեջ, քանզի այն վաղուց կայացած քաղաքական միավոր է»,-ասաց նա:

Պետնախարարը եւս մեկ անգամ ընդգծեց, որ որեւէ մեկը, որեւէ իշխանություն Արցախի, Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայերի անունից լիազորված չէ զիջելու Արցախի ժողովրդի իրավունքները եւ ընդունելու որոշում Արցախը հոշոտելու պատրաստ Ադրբեջանի կազմ ընդունելու մասին:

«Պահանջում ենք ՀՀ իշխանություններից հրաժավելու Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մտադրությունից եւ հարաբերությունների քաղաքական կարգավորման նման մոտեցումից: Այդ մոտեցումը ունակ չէ ապահովել տարածաշրջանում խաղաղությունը եւ Արցախի ժողովրդի անվտանգ գոյությունը, ավելին , դա չի կարող երաշխավորել նույնիսկ ՀՀ-ի գոյությունը, որովհետեւ թուրք-ադրբեջանական տանդեմի խնդիրը ոչ թե Արցախն է, այլ ողջ հայ ժողովուրդն ու հայկական պետականությունը»,-ասաց նա:

  • Կիսվել: