հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
AntiFake-ի խմբագրությունը հրավիրում է դեսպանների, լրագրողական կազմակերպությունների ուշադրությունը

AntiFake-ի խմբագրությունը հրավիրում է դեսպանների, լրագրողական կազմակերպությունների ուշադրությունը

AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր՝ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան, դիմակավորված անձինք ներխուժել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, որից հետո դիմադրություն չցուցաբերող Սամսոնյանին և Սաղաթելյանին ձեռնաշղթայած՝ ձերբակալել են։ Խուզարկություն է իրականացվել նաև AntiFake.am-ի գրասենյակում։ Խուզարկության արդյունքում առգրավվել են AntiFake.am-ի լրատվականի եթերային գործունեությունն ապահովող ամբողջ տեխնիկան՝ տեսախցիկներ, միկրոֆոններ, համակարգիչներ, եռոտանիներ, հիշողության կրիչներ, որոնք, մեր պնդմամբ, որևէ նշանակություն չեն կարող ունենալ շինծու քրեական գործի հանգամանքները բացահայտելու համար: Լրատվականի խուզարկության ավարտից հետո ձերբակալվել է նաև AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը:

Փոդքասթի համահեղինակ-վարողների, լրագրող Դավիթ Ֆիդանյանի ձերբակալումը, AntiFake.am-ի ողջ տեխնիկայի առգրավումը նպատակ է հետապնդում դադարեցնել լրատվականի գործունեությունը:

Տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցների, լրագրողական կազմակերպությունների և դեսպանատների ուշադրությունն ենք հրավիրում ազատ խոսքի սահմանափակման նման դրսևորմանը Հայաստանում, ինչն աննախադեպ է և իրենից ներկայացնում է հանցավորության դեմ իբր պայքարի քողի ներքո՝ իշխող ուժի ընդդիմախոսներին լռեցնելու խորը և համապարփակ դրսևորում։

AntiFake.am-ի խմբագրություն»։

  • Կիսվել: