երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Անկարան կփորձի դրդել Բաքվին առաջընթաց գրանցել Երևանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Stratfor

Անկարան կփորձի դրդել Բաքվին առաջընթաց գրանցել Երևանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Stratfor

2026 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանը կշարունակի արևմտամետ քաղաքականություն վարել և ձգտել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այդուհանդերձ, սահմանադրական մեծամասնության բացակայությունը, ամենայն հավանականությամբ, կսահմանափակի այս գործընթացը՝ հիմնականում տեխնիկական հարցերի լուծմամբ։ Այս մասին նշված է Stratfor վերլուծական կենտրոնի նյութում։

Ինչպես ընդգծվում է հոդվածում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը խորհրդարանում չունի բավարար թվով մանդատներ՝ Սահմանադրության մեջ ինքնուրույն փոփոխություններ կատարելու համար։

Ամենայն հավանականությամբ, Հայաստանը չի կատարի սահմանադրական փոփոխություններին վերաբերող Ադրբեջանի պահանջները։ Թուրքիան, որը ձգտում է օգտվել Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացումից, կփորձի օգտագործել ստեղծված իրավիճակը. նա կարող է դրդել Ադրբեջանին, որ վերջինս Փաշինյանի թարմացված մանդատը դիտարկի որպես խաղաղության պայմանագրի ստորագրմանն ընդառաջ գնալու հնարավորություն՝ միաժամանակ հետաձգելով Հայաստանի Մայր օրենքում փոփոխություններ անելու պահանջը։

Ըստ այլընտրանքային սցենարի՝ Երևանը, Բաքուն և Անկարան կարող են օգտագործել այս եռամսյակը առանձին սահմանային անցակետերի, ցամաքային ու օդային երթուղիների, ինչպես նաև տրանզիտային կապերի աշխատանքներն ընդլայնելու համար՝ նույնիսկ առանց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման։ Սա թույլ կտա պահպանել հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան։

Մոսկվայի միջամտությունը, հավանաբար, կուժեղանա, եթե Փաշինյանն ակնարկի, որ կարող է հանրության շրջանում ոչ միանշանակ ընդունվող սահմանադրական փոփոխությունները ներառել Եվրոպական միությանն ինտեգրվելու կուրսի հետ կապված ավելի լայն հանրաքվեի մեջ՝ հաշվի առնելով եվրաինտեգրման նկատմամբ հանրային աջակցության բարձր մակարդակը։

  • Կիսվել: