«Անհրաժեշտ քայլերն արվել են». Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասին
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, թե իրենք «անհրաժեշտ քայլերն արել են» Ադրբեջանի նախագահի օգնականի՝ Գանձասարի վերաբերյալ հայտարարությունների մասով։
Հարցին՝ ինչու ԱԳՆ–ն հայտարարությամբ հանդես չեկավ, Միրզոյանը պատասխանեց. «Այդ հարցով ավելի մասնագիտացված մարմիններ կան, մենք լսեցինք ու շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ և պահվածքով։ Մենք Մատենադարանին ներգրավեցինք, եթե նկատեցիք՝ այց էր տեղի ունեցել։ Այնպես որ, դուք իրավունք ունեք դիտարկել՝ բավարար, պատշաճ, համարժեք»։
Նախարարը նշեց, որ ադրբեջանական կողմի պահվածքը չի նպաստում խաղաղության ամրապնդմանը. «ԱԺ նախագահը շատ դիպուկ ասաց՝ այո, իհարկե, ակնհայտ է, որ սա հաստատված խաղաղությունը չի ամրապնդում, հակառակը՝ սնուցում է ինչ-որ բաներ, որ, գուցե, հնչում են ոչ այդքան լավատեսական կարծիքներ խաղաղության հետագա ճակատագրի մասին, ջուր են լցնում այդ ջրաղացին»,- նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ օրերս օտարերկրյա դիվանագետների՝ Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը պնդել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը ոչ թե հայկական, այլ՝ աղվանական եկեղեցիներ են։ Ավելին, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական գրքերի վերաբերյալ:



