ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ. ՀՀ վարչապետ

Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ. ՀՀ վարչապետ

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունն առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար, եւ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հարցում, սակայն այս օրերին տեղի ունեցող եւ սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում: Այս մասին այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Արցախում վերջին էսկալացիային:

«2020 թվականի նոյեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության եւ էության հետ կապված հարցեր: 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի գրավումը եւ հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ եւ թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական եւ ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես եւ հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը»,- նշել է վարչապետը:

Ըստ նրա` սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց:

«Բայց պիտի խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին, եւ մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,- ընդգծել է նա:

Բացի այդ, նշել է վարչապետը, գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր:

«Մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երրորդ կետում հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը: Հենց այս տարածքն է կոչվում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: Եւ մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն»,- փաստել է նա:

Միևնույն ժամանակ, վերադառնալով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային, վարչապետը կրկնել է, որ մեր կարծիքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար:

«Իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու, կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ: Ես հիմա չեմ ուզում շատ աշխատանքային մանրամասներ բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են հենց 2020 թվականի նոյեմբերից, մենք ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծումների հասնելու համար, եւ հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել եւ եռապատկել»,- եզրափակել է նա:

  • Կիսվել: