շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անհնարին է խոսել տնտեսական առողջացման մասին` չապահովելով 3-5 մլրդ դոլարի ներդրում. Աշոտ Բարսեղյան  

Անհնարին է խոսել տնտեսական առողջացման մասին` չապահովելով 3-5 մլրդ դոլարի ներդրում. Աշոտ Բարսեղյան  

Հյուրընկալության և հասարակական սննդի ոլորտների կորոնավիրուսային համաճարակի և պատերազմի հետևանքով կրած վնասների մասին InfoPort.am-ը զրուցել է «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ ղեկավար Աշոտ Բարսեղյանի հետ:

Պ-ն Բաղդասարյան, կներկայացնե՞ք ոլորտում տիրող ներկայիս իրավիճակը:  

2020 թվականը ամենավատ տարին էր հյուրընկալության և հասարակական սննդի ոլորտների համար։  Ամբողջ 2020 թվականը մենք ունեցել ենք 2019-թվականի 25-30%-ի չափ շրջանառություն։ Մեր անկումը կազմել է նախորդ տարվա շրջանառության 70%-ը։ Մենք անցյալ տարի գրեթե կորցրեցինք զբոսաշրջության, միջոցառումների կազմակերպման ոլորտները, ներքին սպառման զգալի մասը և այդ պայմաններում տնտեսվարողները միևնուն է շարունակել են սեփական ներգրավված միջոցներով ֆինանսավորել իրենց գոյատևումը։ Այսինքն շարունակել են վճարել հարկեր, աշխատավարձեր, սոցվճարներ։ Հիսուն հազար աշխատատեղ ապահովող ինդուստրիա ենք, և եթե մենք չվճարեինք աշխատավարձերը պատկերացնու՞մ եք ինչ սոցիալական բունտ կլիներ։ Սա պետք է ասել՝ ի պատիվ ձեռներեցների, ովքեր չկորցնելով բիզնեսը, թեկուզ նվազեցնելով աշխատավարձը, բայց շարունակում էին վճարել աշխատավարձեր ու պահել աշխատատեղերը։ Չնայած կորուստներ էլ ունեցանք, անցյալ տարի 1000 տնտեսվարող չէր աշխատում, որից 200-ը ընդմիշտ է փակվել, իսկ շրջանառությունը դեռ վերականգնվելու տենդենց չունի:

Իսկ կառավարության հակաճգնաժամային ծրագրերը ինչ-որ առումով թեթևացրեցի՞ն ձեր բեռը:

Ոչ, կառավարությունը ընդհակառակը իր գործողություններով էլ ավելի բարդացրեց իրավիճակը:  Մասնավորապես, անցյալ տարվի մարտի կեսերից սահմանված լոքդաունի արդյունքում տնտեսվարողները մեծ խնդիրների առջև կանգնեցին։ Հույս ունեինք, որ էդ երկու շաբաթ կամ 40 օր կարանտինը անցնելուց հետո ամեն ինչ կնորմալանա, բայց  ցավոք սրտի պետությունը որոշեց այլ ուղղությամբ գնալ։ Օրինակ` առողջապահական և տնտեսական ոլորտներից ոչ մեկը ճիշտ չի կառավարվել։ Արդյունքում տնտեսվարողներն ունեցան մեծ խնդիրներ, կարանտինը երկարաձգվեց, լոկդաունը շարունակվեց։ Լոքդաունը նախատեսված էր, որպեսզի այդ փակ ժամանակահատվածում տնտեսության մասնագետները զբաղվեին տնտեսական կարգավորումներով, առողջապահության մասնագետներն էլ զբաղվեին համավարակի խնդրով։ Բայց պարզվում է ամբողջ ապարատը զբաղված է եղել աննախադեպ սխալ քայլով` մեկուսացվել են հիվանդների հետ կոնտակտավոր հազարավոր մարդիկ։ Սնունդն ու մեկուսացման գումարները փոխհատուցել են տնտեսվարողները ու ավելի քիչ գումար է ծախսվել առողջապահության խնդիրների վրա, քան այս կոնտակտավորներին մեկուսացնելու վրա։ Սա մասնագիտական դիլետնանտություն է, ոչ պրոֆեսիոնալ, խայտառկ գործելաոճ։  Էկոնոմիկայի նախարարությունը զբաղված էր մեկուսացածներին սնունդ ապահովելով, իսկ Առողջապահության նախարարությունը՝ կոնտակտավորներին մեկուսացնելով այլ, ոչ թե առողջապահական խնդիրներով։ Իսկ այդ ընթացքում տնտեսվարողները կառավարությանը հորդորում էին զբաղվել վերջապես առողջապահական ու տնտեսական խնդիրներով, բացել տնտեսությունը  կամ իրականացնել տնտեսվարողներին ուղիղ օգնություն։ Օրինակ` աջակցության 18 ծրագրերից միայն 2 են օգտակար եղել, որից մեկը՝ կիսաօգտակար` հարկային ծրագիր էր, իսկ մյուսը սոցվճարների փոխհատուցումն էր, որ ամենաօգտակարն էր, բայց դրան մենք հասանք սեպտեմբերին, երբ արդեն բողոքի ակցիաներին մի քանի հազար մարդ էր մասնակցում։

Լավ, ամեն դեպքում մենք այդ շրջանը ինչ-որ կերպ հաղթահարեցինք, հիմա ի՞նչ վիճակ է ոլորտում:      

Չնայած 2020-ը հյուրընկալության և հասարակական սննդի ոլորտների համար ամենավատ տարին էր, բայց այնուամենայնիվ 2021-ը նոր շրջանառության ծավալով ենք սկսել։ Սակայն այս անգամ էլ կանգնած ենք մի ընտրության առջև, երբ կառավարությունը չի կողմնորոշվում՝ գնա՞լ սահմանափակումների թե՞ ոչ։ Ես, որպես ոլորտի փորձագետ, վստահ եմ՝ 2021 թվականի գարնանային սեզոնին Ռուսաստանից հնարավոր է մինչև 1 մլն տուրիստ գրավել։ Էկոնոմիկայի նախարարությունը և տուրիզմի վարչությունը կարող էին զբաղվել երկիրը Ռուսաստանում գովազդելով, բայց քանի որ մեր տնտեսությունն ու առողջապահությունը ծայրահեղ քաղաքականցված են, ունենք այն ինչ-որ ունենք։ Էկոնոմիկայի նախարարությունն  և առողջապահության նախարարը զբաղվում են քաղաքական գործունեությամբ։ Այսինքն ունենք  կառավարություն, որը զբաղված է օրվա քաղաքական խնդիրները լուծելով։ Պետք լինի սահմանափակումներ՝ կմտցնեն առանց հաշվի առնելու տնտեսության վիճակը, պետք լինի՝ առողջապահական սահմանափակումներ մտցնել՝ կմտցնեն դրանք։ Այս վտանգն է, որ  մեզ ստիպեց  «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ անունից տարածել կառավարության հեռացման պահանջին միանալու մասին հայտարարություն։ Այո, մենք միանում ենք պահանջին, որ այս կառավարությունը պիտի հեռանա, որովհետև այլևս ո՛չ հեգոբանորեն, ո՛չ ֆիզիկապես,  ո՛չ մասնագիտական առումներով իրենք չեն համապատասխանում այն չափանիշներին, որը պիտի բավարարի այսօր Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին և մարտահրավերներին։

Իսկ ի՞նչ լուծում եք անձամբ Դուք, որպես ոլորտի մասնագետ, տեսնում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Չեմ կարող պետական մակարդակի լուծումներ առաջարկել, բայց կարող եմ ոլորտային լուծումներ առաջարկել։ Պետք է լուծել շրջանառության ավելացման հարցը։ Պետք է լուծել սահմանային ապահովության խնդիրները, որպեսզի Երևանում նստած մարդիկ վստահ լինեն, որ Սյունիքն ու Տավուշը չեն հանձնելու։ Պետական անվտանգությա՛ն խնդիրներ կան։

Ամեն դեպքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ այս տարի զբոսաշրջության աճը 2020-ի նկատմամբ կկազմի 319%...

Էկոնոմիկայի նախարարը ինչ-որ պոպուլիզմի գծի մեջ է ընել և պոպուլիզմի մեջ մրցում է իր այլ թիմակիցների հետ՝ բազմապատիկ տնտեսական աճ, 319% տուրիզիմի աճ․․․

Կառավարությունը այս տարվա մարտ ամիսը համեմատում է անցած տարվա մարտի հետ։ Անցած տարվա մարտ ամսին տնտեսություն տոտալ լոկդաունի գնաց, և բնական է, որ համեմատության մեջ այս տարվա մարտին աճ նկատվելու է։ Հիմա էկոնոմիկայի նախարարը ինչ-որ ներքին ռոմանտիզմից ելնելով լծվել է մի գործի, որի ակադեմիական կրթությունը չունի։ Ու այս կառավարության  խնդիրն է, որ ոչ մեկը իր ոլորտի կառավարման ակադեմիական կրթություն ու գիտելիքներ չունի։ Մի մարդ, որը եկել է բիզնեսից, խնդրահարույց բիզնեսների ղեկավար է եղել, այսօր ղեկավարում է մեր տնտեսությունը՝ չունենալով ոլորտի ակադեմիական գիտելիքներ։ Նա տնտեսագետ չի, մաթեմատիկ ա։ Ֆիզմաթ ավարտելով՝ թվերի լավ մանիպուլյաիցիա գիտի, ու երևի 319%-ը ինչ-որ թվից է շատ ճիշտ հաշվել, բայց այդ թիվը իրականությունը տնտեսության մեջ նա ունակ չի հաշվել։ Սա վտանգավոր է։  Ոլորտը շատ քմծիծաղով է վերաբերվում ոլորտը ղեկավարող նախարարին։

Օրերս մենք ականատես եղանք նաև ՊԵԿ-ի և Ռեստորանների հայկական աոցիացիայի միջև հեռակա բանավեճին: Այս մասով ի՞նչ կասեք:

Ռեստորանների միությունը հայտարարել է, որ  ՊԵԿ-ը  խնդիր ունի ինդուստրիայի հետ։ Ես ուզում եմ ձեզ հստակ ասել՝ ինդուստրիան խնդիր չունի ՊԵԿ-ի հետ։ Սա առանձին  2 կամ 3 սուբյետի անձնական խնդիրներն են։

Հասարակակն սննդի ոլորտը գլոբալ առումով խնդիր չունի ՊԵԿ-ի հետ։ ՊԵԿ-ն այսօր իրականացնում է իր գործառույթները ի շահ պետության: Հասարակական սննդի բազմաթիվ օբյեկկտներ սպասարկող հաշվապահական ընկերություններից, որոնց հետ ինքս եմ նաև համագործակցում, հարցում է արվել և պարզվել, որ ՊԵԿ-ի գործողությունների հետ խնդիր չունեն: Չկա խնդիր: Ինքս որպես ոլորտի մասնագետ վստահեցնում եմ` կաշառք հասկացությունը չկա։ Ես որպես «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ ղեկավար հայտարարում եմ, որ ոլորտը ՊԵԿ-ի հետ խնդիր չունի։ Ես կարդացել եմ և՛ ՊԵԿ-ի, և ՛ Ռեստորանների միության հայտարարությունը, և կոչ կանեմ ընկերներին առանձին սուբյեկտների հարցերը չներկայացնել որպես  ոլորտի խնդիր։

Ոլորտը ոչ թե ՊԵԿ-ի հետ խնդիր ունի, այլ Առողջապահության նախարարության: Առողջապահության նախարարությունը ԱՀԿ-ի թելադրանքով երկու հակաոլորտային և հակատնտեսական օրինագիծ բերեց ԱԺ, որից մեկը հակածխախոտայինն էր, որն իրենք «զոռբայությամբ» անցկացրեցին՝ ի վնաս տնտեսության, հաջորդն էլ հակաալկոհոլայինն էր, որը ես իմացա,  աղմուկ բարձրացրեցի, էկոնոմիկայի նախարարի հետ  խոսեցի, նախարարն էլ շնորհակալություն հայտնեց, որովհետև ինքն էլ տեղյակ չէր, որ ինչ-որ անհայտ անուններով պատգամավորներ, անհայտ նախաձեռնությամբ, ինչ-որ անհայտ կազմակերպության անցկացրած հետազոտության  հիման վրա, ԱՀԿ թելադրանքով ԱԺ էին ուզում բերել մի օրինագիծ, որն ամբողջությամբ ոչնչացնելու էր հայկական գինեգործությունը:

Դուք շարունակ դժգոհում եք կառավարությունից, այդուհանդերձ 2018-19 թթ. տնտեսական ցուցանիշները այլ բան են ասում...

 Ես համոզված եմ, որ Հայաստանի տնտեսության 2018-19թթ աճն իներցիայի արդյունք է: Սա 2016-17 թթ կապիտալ ներդրումների իներցիան էր, սա էլ պետք է հստակ հասկանալ։ Այս կառավարությունը հերոսություն չի արել, կառավարության՝ այս տարվա տնտեսական աճի մասին հայտարարությունը խեղկատակության ժանրից է։ Չկա տնտեսական խորը վերլուծություն, ակադեմիական գիտելիքներ կառավարության կողմից, և կառավարությունը զբաղված է պոպուլիզմով, որը շատ կներեք, բայց իրոք անկիրթ, անգրագետ ընտրազանգվածի համար է նախատեսված։ Ես խիստ կասկածում եմ, որ հնարավոր կլինի մոտ ժամանակներս վերադառնալ 2019-ի շրջանառության ծավալներին։ Ես չգիտեմ՝ ով է լինելու հաջորդ կառավարությունը, բայց մահապարտներ են լինելու, որովհետև այս իրավիճակում վերցնել այս գահավիժող տնտեսությունը և խոստանալ աճ, պետք է լինել կամ այս կառավաության նման պոպուլիստ կամ մահապարտ։ Առանց տնտեսության մեջ 3-5 մլրդ դոլարի ներգրավման չենք կարող ունենալ ոչ մի տնտեսական աճի նախադրյալ։ Հաջորդ կառավարությունը պիտի ապացուցի, որ ունակ է ներդրումներ բերել, դրա գրավականն էլ պետության անվտանգությունն է։

Իսկ կոնկրետ ձեր ոլորտի ապագայի մասով ի՞նչ կանխատեսումներ ունեք:

2019 թվականի ցուցանիշներին հասնելու համար մեր ոլորտին առնվազն 2-3 տարի կպահանջվի, եթե տուրիզմը չաճի։ Կարող ենք Ռուսաստանից ներգրավել տուրիստներ, բայց արդեն ապրիլ ամիսն է՝ Էկոնոմիկայի նախարարությունը ոչ մի քայլ էդ ուղղությամբ չի ձեռնարկել:

Իսկ կարո՞ղ է իրավիճակը փոքր ինչ փոխվել հայ-վրացական սահմանի բացումից հետո:

Ոչ այնքան, քանի  որ հայ-վրացական սահմանի բացումը օգտակար է միայն Վրաստանին, քանզի դեպի Վրաստան Հայաստանից հոսքն ավելի մեծ է, քան հակառակը։

  • Կիսվել: