կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Անամոթություն է Լաչինի միջանցքում տեղի ունեցողը շրջափակում անվանելը». Ալիև

«Անամոթություն է Լաչինի միջանցքում տեղի ունեցողը շրջափակում անվանելը». Ալիև

Ադրբեջանը չի նախատեսում երրորդ պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Այս մասին այսօր ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ դա է միակ պատճառը, որ Բաքուն ուժով չի պատասխանում Երևանի գործողություններին։

Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ Ալիևն ասել է, որ այն վաղ թե ուշ կգործարկվի՝ անկախ նրանից՝ ուզում է Հայաստանը դա, թե ոչ։ Ալիևը պնդել է, թե, իբր, «Զանգեզուրի միջանցքի» շինարարության նախագիծն իր արտացոլումն է գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

«Հայաստանը ուզում է դրանից խուսափել, փաստացի չի կատարում ավելի քան 2 տարի առաջ իր վրա վերցրած պարտավորությունները։ Բայց դա չի կանգնեցնի Բաքվին, քանի որ դա ռազմավարական նախագիծ է ոչ միայն Ադրբեջանի, այլև հարևան մի քանի երկրի համար»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը խոսել է նաև Հայաստանի հետ հնարավոր կնքվելիք խաղաղության պայմանագրի մասին։ Նրա խոսքով՝ կան բոլոր պայմաններն այդ պայմանագրի կնքման համար՝ հավելելով, որ «Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Ալիևը անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի փակ լինելուն ու, այսպես կոչված, «էկոակտիվիստների ակցիային»։ Ըստ նրա՝ «անամոթություն է Լաչինի միջանցքում տեղի ունեցողը շրջափակում անվանելը»։ «Ով չի ուզում լինել մեր քաղաքացի, ճանապարհը փակ չէ, այլ բաց է»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի Ադրբեջանը, եթե Ղարաբաղում ապրող հայերը չցանկանան դառնալ Ադրբեջանի քաղաքացի։

Ադրբեջանը Լաչինի միջանցքում և դրա շուրջ տեղի ունեցող իրավիճակի համար մեղադրել է Ֆրանսիային։ Նրա պնդմամբ՝ «ներկայիս իրավիճակը ֆրանսիական իշխանությունների ձեռքի գործն է»։ «Ֆրանսիան կարող է ապրել առանց մեզ, իսկ մենք առանց Ֆրանսիայի»,- լրագրողի այն հարցին, թե այս իրավիճակում ինչ դերակատարում ունի Մինսկի խմբի համանախագահ այդ երկիրը, արձագանքել է Ալիևը։

  • Կիսվել: