ԱՄՆ-ն հանձնառու է օգնել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև երկարատև խաղաղության հաստատմանը. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար
ԱՄՆ-ն հանձնառու է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության հաստատմանը։ Այս մասին տեսաուղերձում ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոն։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների համար այս պատմական պահին։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նշանավորեց Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նոր, համարձակ գլուխ։
Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության հաստատմանը։ Ամրապնդելով խաղաղության այս ուղին՝ մենք բացահայտում ենք Հարավային Կովկասի հսկայական ներուժը՝ որպես առևտրի, տարանցման և էներգետիկայի հանգույց։Այն մեր ապագա տնտեսական համագործակցության հիմքն է կազմում»։
Քարլոյի խոսքով՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի կողմից Վաշինգտոնում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Վաշինգտոնի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության հաստատման առաջին քայլն է։
Նշվում է նաև, որ դիվանագետը հույս է հայտնել, որ դա կամրապնդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համակարգումը։


