շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՀ-ն Հայաստանի կհատկացնի 280 մլն ԱՄՆ դոլար

ԱՄՀ-ն Հայաստանի կհատկացնի 280 մլն ԱՄՆ դոլար

ՀՀ Կառավարությունն այսօր՝ հունիսի 4-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։

Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի համար հաստատվել է 180 մլն ՀՓԻ (248.2 մլն ԱՄն դոլար) արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը (Stand-by Arrangement)` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի մայիսի 18-ի նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակներում ՀՀ-ի համար հասանելի են դարձել ընդհանուր 77․142 մլն ՀՓԻ (105 մլն ԱՄՆ դոլար) ծավալով փոխառու միջոցներ։ Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաև Հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի (Rapid Financing Instrument) շրջանակներում հավելյալ 128.8 մլն ՀՓԻ (175 մլն ԱՄՆ դոլար) ներգրավելու հայտը։

Հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Պահուստային ծրագրի շրջանակներում հասանելի միջոցները որպես ուղղակի բյուջետային աջակցություն օգտագործելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորումը: Արդյունքում, ներկա պահին Հայաստանի համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 206 մլն ՀՓԻ (280 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 25․714 մլն ՀՓԻ (35 մլն ԱՄՆ դոլար) հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում։

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսային վարակի տարածման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման բացը, ինչպես նաև Հիմնադրամից փոխառու միջոցների ներգրավման 2009 թվականի համանման նախադեպը՝ Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագրի վավերացումը Կառավարությունը համարում է նպատակահարմար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: