կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Ամեն ինչ ստորագրվել է, ամեն ինչ առաջ է շարժվում. Պուտինը՝ Փաշինյանին

Ամեն ինչ ստորագրվել է, ամեն ինչ առաջ է շարժվում. Պուտինը՝ Փաշինյանին

Շատ շնորհակալ եմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, հրավերի համար։ Մենք միասին անցկացրինք երկու շատ լարված օր՝ թե՛ Եվրասիական տնտեսական միության, թե՛ ԱՊՀ ձևաչափով: Այս մասին դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, շատ կարևոր որոշումներ են ընդունվել: Մեր տարածաշրջանում շատ կարևոր և, բարեբախտաբար, դրական զարգացումներ են տեղի ունենում։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար։

Եվ, ինչպես մենք քննարկել ենք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, և դա արդեն տեղի է ունեցել, քանի որ գնացքներն արդեն տարանցիկ ճանապարհով անցնում են Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանով:

ՌԴ-ից գնացքներն արդեն ուղևորվում են Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ինչը պատմական իրադարձություն է:  Երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։ Նկատի ունեմ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները»,-ասել է վարչապետ Փաշինյանը:

Իր հերթին Պուտինն ասել է, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները զարգանում են։

«Մեր առևտրաշրջանառությունը փոփոխվել է. երեկ մենք խոսել ենք դրա մասին։ Եթե 2024 թվականին այն կազմել է ավելի քան 11 միլիարդ դոլար, այս տարվա առաջին ինը ամսում 4,5 միլիարդ դոլար է։ Բայց սա ևս լավ ցուցանիշ է և մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում մենք կշարունակենք այն ավելացնել»,- նշել է նա:

Պուտինը հավելել է նաև, որ Երևանն ու Մոսկվան քննարկել են ատոմային էներգետիկայի հարցեր։

«Մենք լավ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկայի՝ մասնավորապես, ատոմային էներգետիկայի հարցեր, բայց հիմա մանրամասների մասին չենք խոսի: Մեր թիմերը քրտնաջան աշխատել են բոլոր ասպեկտների վրա»,-նշել է Պուտինը։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը և Հայաստանը լավ փաստաթղթեր են պատրաստել։

«Ամեն ինչ ստորագրվել է, ամեն ինչ առաջ է շարժվում»,-հավելել է Պուտինը։

  • Կիսվել: