Ալիևը դարձյալ խոսել է ադրբեջանցիների՝ իրենց «հայրենիք» «վերադառնալու իրավունքի» մասին
Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջն է և անհրաժեշտ է համընդհանուր արժեքները հարգելու, թշնամանքի էջը փակելու և ժողովուրդների միջև փոխըմբռնումը խթանելու համար։ Այս մասին «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը. Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը որպես արդարության, հաշտեցման և խաղաղության ուղի» թեմայով 3-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ըստ ադրբեջանական պետական APA գործակալության՝ նա անդրադարձել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի և դրա «իրավունքների» հարցին՝ նշելով, որ այդ բնակչության մեջ են մտնում «տեղահանություններից և կոտորածներից անմիջականորեն տուժած մարդիկ»։
«Այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու Հայաստանից բռնի կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձը։ Ի վերջո, վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է: Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում»,-իր ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Նա նաև հավելել է. «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի զուսպ և կառուցողական մոտեցումը, որը ներառում է «տեղահանություններից և կոտորածներից» անմիջականորեն տուժած մարդկանց, հաշտեցման և երկխոսության նկատմամբ նրա թափանցիկությունը, միջազգային իրավունքին համապատասխան գործունեության կազմակերպումը և պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նրա հարգանքն արժանի են բարձր գովասանքի:
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայացած հանդիպումը, համատեղ հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը հույս և վստահություն են ներշնչում երկու ժողովուրդների ապագա համակեցության նկատմամբ»:


