երեքշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2021
Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ հեռացնելու պատգամավոր Աննա Մկրտչյանին․ ԱԺ նիստն ընդհատված է (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ հեռացնելու պատգամավոր Աննա Մկրտչյանին․ ԱԺ նիստն ընդհատված է (տեսանյութ)

ԱԺ նիստն այս պահին ընդհատված է։ Հայտարարված է 20 րոպե ընդմիջում։

Նիստի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ հեռացնելու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, ով ըստ Սիմոնյանի սադրող հայտարարություններ էր անում իր ելույթի ժամանակ և թույլ չէր տալիս նիստը շարունակվեր բնականոն ընթացքով։

Մկրտչյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է․

«Հարգելի հայրենակիցներ, կառավարության ծրագիր կոչվածը բովանդակային առումով ոչ մի կապ չունի կառավարության ծրագրի հետ։ Շատ կոնկրետ հիշեցումներ կան, որոնք խիստ պարտադիր են հիմա անելու համար։ Ազգային ժողովի ամբիոնին կանգնած անձնավորությունը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ ինքը Ադրբեջանի ղեկավարության և ներքաղաքական իրականության մասին այնպիսի տվյալներ և տեղեկատվություն ունի, որ ցանկացած պահի, երբ ցանկանա, կարող է պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական իրականությունը։ Ուզում եմ փաստել, որ էդ ահաբեկիչ Ալիևը, զավթելով Արցախի 75 տոկոսը, խաթարելով Հայաստանի անվտանգային ամբողջ համակարգը, հայտարարելով, որ Երևանն էլ, Սևանն էլ, ամեն ինչ իրենցն է, և Հայաստանի իշխանությունները խելոք ու սուս ու փուս կստորագրեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հավաստող փաստաթուղթ, մեր կողմից որևէ արձագանք չկա։ Եվ այս անձնավորությունը շարունակում է սպասել չգիտես ինչի, որպեսզի պայթեցնի էդ ալիևյան կլանի ղեկավարած իշխանությունը։ Հարգելի հայրենակիցներ, ձեզ որևէ կերպ հնարավորություն ընձեռնված չէ տեսնելու այն իրականությունը, որը հիմա կա այս դահլիճում։ Ուզում եմ ձեզ դրա մասին պատմել, հիմա այս անձնավորությունն իր հետ դահլիճ է բերել ախռանիկներ, որոնք երբևէ ԱԺ չեն մտել․․․»,- ասաց Աննա Մկրտչյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքեցին Աննա Մկրտչյանին։

«Էդ կապիտուլյանտների կողմից ձայնը այդտեղ մի լսեք․․․»,- արձագանքեց Աննա Մկրտչյանը, որից հետո Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։

Այդ ժամանակ բախում սկսվեց ընդդիմադիր, իշխանական պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև։

Այդ ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցերին էր պատասխանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

  • Կիսվել: