Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կալաս
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ուղերձ է հղել Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի մասնակիցներին:
Նրա ուղերձը նիստի ընթացքում ներկայացրեց ԵՄ արտաքին գործողությունների ծառայության տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկինեն։
Ուղերձում Կալասն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային կայունությանը։
«Հայաստանի և Ադրբեջանի համար նույնպես ունենք հաջողության պատմություն։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին արված պատմական քայլը տարածաշրջանը բերել է ավելի մոտ կայունությանը և երկարաժամկետ խաղաղությանը։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին և ցուցաբերում բաց աջակցություն՝ տարածաշրջանը տանելու դեպի կայուն խաղաղություն, բարգավաճում և զարգացում»,- ասված է ուղերձում։
Ըստ Կալասի՝ ընթացիկ կարգավորման գործընթացը խոստանում է բացել աննախադեպ տնտեսական հնարավորություններ․
«Այս պահին կարգավորման գործընթացը խոստանում է աննախադեպ տնտեսական հնարավորությունների բացում, սահմանների բացում, սահմանային կապերի ստեղծում։ Սա կխորացնի նաև մարդկանց միջև շփումները և վստահությունը»,-նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։
Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացմանը՝ նշելով. «Վերջին զարգացումները երկկողմ հարաբերություններում ցույց են տալիս, որ Հայաստանը գալիս է ավելի մոտ մեզ՝ իր արժեքներով և ժողովրդավարական սկզբունքներով»:


