ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանը գնում է արևմուտք, արևմուտքի հետ շփումներում Հայաստանը ներկայացնում է որպես խիստ ռուսական պետություն և փորձում առաջ մղել ՀՀ-ում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու գաղափարը․ Փաշինյան

Ադրբեջանը գնում է արևմուտք, արևմուտքի հետ շփումներում Հայաստանը ներկայացնում է որպես խիստ ռուսական պետություն և փորձում առաջ մղել ՀՀ-ում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու գաղափարը․ Փաշինյան

Այո, կա աշխարհաքաղաքական կոնտեքստ, որովհետև Ադրբեջանը բավական երկար ժամանակ վարում է հետևյալ քաղաքականությունը՝ գնում է  արևմուտք, արևմուտքի հետ շփումներում Հայաստանը ներկայացնում է որպես խիստ ռուսական պետություն և արևմուտքում փորձում է առաջ մղել Հայաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու գաղափարը՝ Ուկրաինայի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում: Այս մասին այսօր ԱԺ- կառավարություն hարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Շիրակ Թորոսյանի այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից ագրեսիայում աշխարհաքաղաքական գործոնը կա:

«Հետո, Ռուսաստանի հետ հաղորդակցություններում Հայաստանը ներկայացնում է որպես խիստ արևմտամետ պետություն, որը ԵՄ-ի, Միացյալ նահանգների հետ ինտենսիվ հարաբերություններ ունի և փորձ է անում այսպես ասած Ռուսաստանում ստեղծել ըմբռնում, որ գուցե իմաստ ունի, որ Հայաստանին պատժել «արևմտամետ» քաղաքականության համար և փորձ է անում նաև Ռուսաստանում ըմբռնում ստեղծել Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության համար, և, ես չեմ բացառում, որ և՛ Ռուսաստանում, և՛ արևմուտքում կան որոշակի շրջանակներ, որոնց այս գաղափարները դուր են գալիս կամ իրենց մտածածին համահունչ են»,-նշեց վարչապետը:

Ինչ վերաբերում է պետական քաղաքականությանը, վարչապետը հույս ու համոզմունք հայտնեց, որ պետական մակարդակում նման ընկալում չկա.

«Եթե նկատել եք, մենք վերջին շրջանում շատ ինտենսիվացրել ենք մեր շփումները և՛ Ռուսաստանի, և՛ Արևմտյան երկրներ հետ, նրանց բացատրելու, որ այդ խոսույթը բացարձակապես որևէ կապ չունի իրականության հետ»,- ասաց նա:

  • Կիսվել: