Ադրբեջանի մասնակցությունը Երևանում կայանալիք գագաթնաժողովին ամենաբարձր մակարդակով հնարավոր չէ. պաշտոնական Բաքու
Ադրբեջանի մասնակցությունը Երևանում կայանալիք գագաթնաժողովին ամենաբարձր մակարդակով հնարավոր չէ: Այս մասին տեղական ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ անդրադառնալով հարցին, թե ինչ մակարդակով Բաքուն կմասնակցի 2026 թվականին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Նա, մասնավորապես, ասել է. «Եվրոպական Միության գագաթնաժողովները կարևոր են քաղաքական երկխոսության ամրապնդման, էներգետիկայի և անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման, տնտեսական ինտեգրման և գլոբալ մարտահրավերներին արձագանքելու առումով։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, պարզաբանելով նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանում կայանալիք Եվրոպական համայնքի գագաթնաժողովին մասնակցության հարցը, նշել է, որ Ադրբեջանի նախագահը պաշտոնական հրավեր չի ստացել այս միջոցառման կապակցությամբ, և Ադրբեջանի մասնակցությունը գագաթնաժողովին ամենաբարձր մակարդակով հնարավոր չէ»:


