հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանի հռետորաբանությունը հասել է նրան, որ Լաչինի միջանցքի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև հավասարության նշան է դրվում. Մամիջանյան

Ադրբեջանի հռետորաբանությունը հասել է նրան, որ Լաչինի միջանցքի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև հավասարության նշան է դրվում. Մամիջանյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի հայտարարությանը, ըստ որի՝ Իրանն անթույլատրելի է համարում հայ-իրանական մի քանի հազարամյա սահմանի արգելափակմանն ուղղված որևէ քաղաքականություն։

՛՛Մեր բարեկամ Իրանը շատ հստակ արտահայտեց այն, ինչը որ լավ կլիներ՝ մեր երկրի այսպես կոչված իշխանություններն ասեին՛՛,-նշեց Մամիջանյանը:

Նա ընդգծեց՝ ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն հայկական շահերից բխող հայտարարություններ չեն անում, այլև անպատասխան են թողնում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից անընդմեջ հնչող վտանգավոր հայտարարությունները, մասնավորապես, նրա խոսքով, ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ բացման ՛՛անհրաժեշտության՛՛ մասին թուրք-ադրբեջանական պաշտոնյաների հայտարարություններն ու նրանց հռետորաբանությունը Հայաստանի գործող իշխանությունների մեղքով են շարունակվում։

՛՛ՀՀ սուվերեն տարածքում տարուց ավելի է՝ գտնվում են ադրբեջանցի, իսկ որոշ տեղեկություններով՝ նաև թուրք զինյալներ, իսկ բանակցային գործընթացում իշխանությունը այն խայտառակ կետում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի, մասնավորապես՝ Ադրբեջանի հռետորաբանությունը հասել է նրան, որ Լաչինի միջանցքի և այսպես կոչված ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ միջև դրվի հավասարության նշան, իսկ դա միջազգային իրավունքին, տրամաբանությանը, ցանկացած գործընթացին, փաստին հակասում է, որովհետև Լաչինի միջանցքը Կյանքի ճանապարհ է, հումանիտար միջանցք է, իսկ այսպես կոչված ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ պարագայում դրանցից ոչ մի կետ չի գործում։

Հիմա սրանք այնքան ապիկար են բանակցությունները վարում, որ հասել ենք նրան, որ հավասարության նշան է դրվում Լաչինի միջանցքի և այսպես կոչված ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ միջև։ Սա բացառապես այս իշխանությունների բացթողումն է՛՛,-ասաց Մամիջանյանը։

Խոսելով այն մասին, որ ՀՀ իշխանությունները պնդում են, թե հայ-թուրքական գործընթացն ՛՛առանց նախապայմանների է՛՛՝ նա ասաց. ՛՛Արդեն երրորդ, թե չորրորդ անգամ Թուրքիայի ամենատարբեր մակարդակի պաշտոնյաներ, վերջինն՝ ԱԳՆ-ն, հայտարարում է, որ հայ-թուրքական գործընթացի ցանկացած քայլ համաձայնեցվում է Ադրբեջանի հետ։ Էլ դրա ՛՛առանց նախապայմանը՛՛ ո՞րն է։ Ես չեմ ասում, որ դրան ռադիկալ պատասխան պետք է տալ։ Դրան պետք է տալ քաղաքական պատասխան՝ Հայաստանի քաղաքական ինստիտուտներից գոնե մեկից՛՛,-նշեց Մամիջանյանը:

  • Կիսվել: