Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման առաջընթացը փոխում է տարածաշրջանի քաղաքական և տնտեսական լանդշաֆտը. ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման առաջընթացը փոխում է տարածաշրջանի քաղաքական և տնտեսական լանդշաֆտը: Այս մասին ադրբեջանական Report-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:
Նշվում է, որ պաշտոնյան, որն անցած շաբաթներին տարածաշրջանի երկրներ է այցելել, ասել է, որ «տասնամյակների ընթացքում առաջին անգամ տարածաշրջանն ունի իրական հնարավորություն բացելու Եվրոպան և Ասիան կապող առևտրային և տրանսպորտային ուղիները»։
«Եվրոպայից մինչև Չինաստանի սահմանները՝ երկրները գիտակցում են այս պահի կարևորությունը»,-ասել է Կոսը:
Նա հավելել է, որ ԵՄ անդամ պետությունները մտադիր են փոխգործակցության նոր ենթակառուցվածք ստեղծել առևտրի, էներգիայի աղբյուրների ավելի մեծ ընտրության, ազատության համար։
«Կոնկրետ համագործակցությունը, փոխկապակցված շուկաները և փոխկապակցված հասարակությունները կարող են ամրապնդել Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունությունն ու բարգավաճումը»,-նշել է Կոսը:


