երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Անկախության օրվան նվիրված միջոցառմանը:

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև գործընկերությունը հրաշալի պատմություն ունի։  ՛՛Այն պահից ի վեր, երբ Ադրբեջանը ՛՛վերագտավ իր անկախությունը՛՛ (չակերտները-խմբ.), Միացյալ Նահանգները ավելի քան 1 միլիարդ դոլար է տրամադրել կրթությունն ու տնտեսական զարգացումն ամրապնդելու, հակամարտությունից տուժած տեղահանվածներին օգնելու և երկիրը մահացու ականներից մաքրելու համար:

Մենք հետաքրքրված ենք ապագային միտված գործընկերությամբ: Մենք Ադրբեջանին և տարածաշրջանին մաղթում ենք խաղաղություն, առաջընթաց և անվտանգություն ապահովող ավելի խորը ապագա գործընկերություն: 

Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են սահմանազատումը, բանակցություններ են վարել ձերբակալվածների փոխանակման շուրջ և հասկացրել, որ նրանք ավելի մոտ են, քան երբևէ, խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Միացյալ Նահանգները նույնպես կարծում է, որ այս հրաշալի քայլերը հնարավորությունների պատմական պատուհան են բացել՛՛,-ասել է դեսպանը:

Մարկ Լիբբիի խոսքով՝ ԱՄՆ-ն կարծում է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կստեղծի աննախադեպ կայունություն, դուռ կբացի առևտրային և գործնական համագործակցության համար, որից կշահեն Ադրբեջանն ու տարածաշրջանը:

Դեսպանը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է կողմերին դրդել օգտվել այդ հնարավորությունից և անելու է հնարավորը նրանց աջակցելու համար:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: