ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանական ուժերը կեսօրից հետո օգտագործել են հարվածային ԱԹՍ-ներ. Արծրուն  Հովհաննիսյան

Ադրբեջանական ուժերը կեսօրից հետո օգտագործել են հարվածային ԱԹՍ-ներ. Արծրուն  Հովհաննիսյան

Կեսօրից, հետո, ըստ էության, ադրբեջանական զինված ուժերը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական հարվածային ԱԹՍ-ներ։ Այս մասին Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ դրանց հետևանքով վիրավորվել է քաղաքացիական բնակիչ, որից հետո օգնության են հասել ԱԻՆ աշխատակիցները` ԱԻՆ մեքենայով, և մյուս հարվածը հասել է նրանց մեքենային:

«Բարեբախտաբար, աշխատակիցները չեն տուժել: Այլ տուժածներ ևս չկան»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նաև հայտնեց, որ այսօր ՀՀ ԶՈւ-ն թույլ է տվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին նախօրեի գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից:

«Սա միակ տարածքը չէր, այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ դիակներ կան: Ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ տարածեց` զավեշտալի հակասությամբ: Եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչո՞ւ էին մնացել այդքան ժամանակ կամ ինչպե՞ս էին մեր վերահսկողության տակ և պե՞տք էր մեր կողմից թույլտվություն և կրակի դադար` դիակները դուրս բերելու համար: Հետևությունները թողնում եմ Ձեզ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նաև ասաց, որ հակառակորդը զգալի չափով կորուստներ է ունեցել:

«Փաստացի ֆոտոապացույցներով` այս պահին ունենք 10 դիակի դուրսբերում: Կան այլ տեղանքներ, որոնցից դիակները հանված չեն: Բոլոր զոհվածները չեն, որ մնացել են դաշտում: Նրանց կարող էին տանել իրենց հետ, ինչպես նաև բոլորը չէ, որ միանգամից զոհվում են, նրանք հետ քաշվելուց են զոհվում: Ստացվում է, որ զգալի կորուստներ են կրել` մոտ 100 հոգանոց խմբից մինչև 25-40 տոկոս:

Առավոտյան նշեցի, իրենց լրատվամիջոցներն էլ հաստատել էին դա, որ կիրառվում է «Յաշմա» բրիդագը` հատուկ նշանակության բրիգադներից մեկը: Սա էլիտար ստորաբաժանում է: Տրամաբանական է, որ ադրբեջանական զորքերն իրենց մարտական խնդիրը չէին լուծել և պետք է օգտագործվեր էլիտար բրիգադը»,- նշեց նա:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության այլ սահմանագոտիների ուղղությամբ ըստ էության իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ:

Նրա խոսքով՝ իրավիճակի որևէ շեշտակի փոփոխություն չկա։

«ՀՀ զինված ուժերը շարունակում են իրականացնել իրենց մարտական ծառայությունը, լիովին վերահսկում են իրենց զբաղեցրած դիրքերը, դիտարկում են հակառակորդի բոլոր տեսակի շարժերը և պատրաստ են ցանկացած ոտնձգության»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

  • Կիսվել: