կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ԱԱԾ-ն ոչ մի տեղ չի գնում․ ՔՊ-ն՝ Վեհափառի անունը զեղչելու մասին (տեսանյութ)

ԱԱԾ-ն ոչ մի տեղ չի գնում․ ՔՊ-ն՝ Վեհափառի անունը զեղչելու մասին (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատասխանել է հարցին,  որ իրավապաշտպանները քննադատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ նա ԱԱԾ-ի միջոցով ստիպում է ցենզուրայի ենթարկել հոգևորականներին պատարագում իրենց տեքստը, որ 25 տարի շարունակ հնչեցրել են,  և Փաշինյանը երեկ հաստատեց, որ նաև ԱԱԾ-ն է այսպես համոզում քահանաներին կրճատել Գարեգին երկրորդի Վեհափառի անունը:

Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Վարչապետը երեկ բավական հստակ մեկնաբանեց հարցը։ Խոսքը որևէ ճնշման կամ պատարագի տեքստը ստիպողաբար փոխելու մասին չէ։ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, և բնական է, որ մենք տարբեր մարդկանց միջոցով,որոնք ծանոթ են հոգևորականների հետ,պարզաբանումներ ենք ստանում պատարագի վերաբերյալ՛՛:

Նա հավելել է, որ նման ձևակերպումները՝ ՛՛ստիպում են՛՛, ՛՛ցենզուրայի ենթակա են դարձնում՛՛, իր կարծիքով, տեղին չեն:

՛՛Այդ մարդկանց թվում կարող են լինել նաև ԱԱԾ աշխատակիցներ, բայց դա որևէ կերպ կապ չունի ճնշման կամ ցենզուրայի հետ։ Վարչապետը ըստ այդմ է որոշում՝ մասնակցել պատարագին, թե ոչ՝ կախված նրանից, արդյոք տվյալ հոգևորականը կիսում է եկեղեցու նորոգման օրակարգը՛՛,-ասել է Հովհաննիսյանը:

Լրագրողի հստակեցնող հարցին՝ արդյոք ԱԱԾ-ն իրականում այցելու՞մ է հոգևորականներին, պաշտոնյան կրկին նշել է. ՛՛ԱԱԾ-ն որևէ տեղ չի գնում որպես ուժային կառույց։ Վարչապետը բացատրել է՝ խոսքը տարբեր մարդկանց մասին է, որոնք ունեն կապեր հոգևորականների հետ։ Նրանց շարքերում կարող են լինել ԱԱԾ աշխատակիցներ, բայց սա չի նշանակում, որ ԱԱԾ-ն որպես ուժային մարմին շփվում է հոգևորականների հետ։ Ոչ մի ճնշում կամ պարտադրանք չկա՛՛։

Լրագրողը նկատել է՝ հանրության ընկալման մեջ ԱԱԾ-ն ուժային կառույց է, և նրա ներկայությունը դժվար է դիտվում որպես ՛՛խնդրանք՛՛ կամ ՛՛ծանոթի կապերի օգտագործում՛՛։

Ի պատասխան՝ ՔՊ-ական պաշտոնյան արձագանքել է, որ խնդիրը հենց ընկալումների դաշտում է, և իրականում որևէ ցենզուրա կամ պարտադրանք հոգևորականների նկատմամբ չի իրականացվում։

  • Կիսվել: