չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են, լավ ձև է՝ ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք․ Փաշինյան

30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են, լավ ձև է՝ ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք․ Փաշինյան

Կառույցներ կան, որ 30 տարի Հայաստանին ասել են՝ պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ընտրակաշառքների ու ընտրակեղծիքների դեմ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա, երբ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ վայ, ընդդիմությանը ինչու եք ճնշում: Բա 30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են: Հիմա լավ ձև է՝ ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք»,- ասաց նա։

Հակաճգնաժամային 27-րդ միջոցառման շուրջ քննարկումների ժամանակ վարչապետն անդրադարձավ անհատական տվյալների պաշտպանության խնդրին:

«Անձնական տվյալները պաշտպանում ենք շատ սրբորեն, որ հանրության մի ստվար հատված չի հավատում՝ կորոնավիրուսից մահացած մարդիկ կան, չի հավատում, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող մարդիկ կան, իրենց կողքի շենքում կորոնավիրուսով վարակված մարդիկ կան: Երբ ոստիկանությունը բերման է ենթարկում մեկին, ինչ-որ մեկը մտնում է ուղիղ եթեր, բոլորին ցույց է տալիս, էդ ժամանակ ոչ մեկը չի հիշում, որ անձնական տվյալի գաղտնիության խնդիր կա: Իսկ երբ ցույց ես տալիս դրանից առաջ քաղաքացու օրինախախտումը, լկտի վերաբերմունքը ոստիկանության աշխատողի հետ, ասում են՝ բա անձնական տվյալների գաղտնիությունը խախտել ես: Էս մեր ժամանակակից իրավաբանությունը, կներեք, էլի... Ամեն օր ինչ-որ տարօրինակ բանի ենք հանդիպում: Որտեղ ուզում ես խնդիր լուծել՝ ասում են՝ չէ, էդ խնդիրը մի լուծեք հանկարծ, դա չգիտեմ որ կոնվենցիայի խախտում է: Էդ օրենքները, ես չգիտեմ՝ խնդիր լուծելու համար են, թե խնդիր լուծելու համար չեն»,- ասաց վարչապետը: Նրա կարծիքով՝ հարկավոր է հրապարակել կորոնավիրուսով վարակված անձանց հասցեներն ըստ շենքերի, թե որտեղ կորոնավիրուսով հիվանդ քանի հոգի կա:

«Իրավիճակն արտակարգ է, և պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել այս հարցը լուծելու համար։ Երբ սահմանափակումներ էինք դրել կորոնավիրուսի հետ կապված ինֆորմացիայի տարածման առումով, էդ էլ, պարզվեց՝ խոսքի ազատության իրավունքն ենք խախտում: Հիմա չենք խախտում, ով ինչ հիմարություն ասես՝ ասում է՝ կորոնավիրուս չկա, մարդկանց փող են տալիս, որ վթարից ենթարկվածին համաձայնեն կորոնավիրուսից մահացած գրել և այսպես շարունակ»:

Ըստ նրա՝ արտակարգ դրության ժամանակ պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել:

«Հրապարակեք էն մարդկանց անունները, որ առավոտից երեկո կորոնավիրուսի մասին խոսում են, բայց ընտանիքի կեսը հիվանդ է»,- ասաց նա:

 

  • Կիսվել: