երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են

3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են

ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
 
Ժամը 11․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ 80 և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող։
 
Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։
 
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում՝ զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևե՛լ միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,- ասված է հաղորդագրությունում։
 
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ՝ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։ 
 
ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկել են որոնողական ծավալուն աշխատանքներ:

  • Կիսվել: