«3+3» ձևաչափը խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ է, քան Վաշինգտոնի համաձայնությունները. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ նշել է՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ «3+3» ձևաչափը (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան + Թուրքիա, Իրան, Ռուսաստան) Հարավային Կովկասում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ է, քան Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները:
Այս մասին ասված է Իրանի նախագահի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ Փեզեշքիանը կրկին ընդգծել է, որ վերջերս Երևան կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հավաստիացումներ է ստացել, որ Վաշինգտոնում փաստաթղթեր ստորագրելիս լիովին հաշվի են առնվել Իրանի մտահոգությունները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:


