երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
2026-ը բուռն ընտրական տարի է լինելու. 70 համայնքից 46-ում աշնանը ՏԻՄ ընտրություններ կլինեն

2026-ը բուռն ընտրական տարի է լինելու. 70 համայնքից 46-ում աշնանը ՏԻՄ ընտրություններ կլինեն

2026 թվականը բուռն ընտրական տարի է լինելու: Տարվա առաջին կեսին նախատեսված են ԱԺ հերթական ընտրությունները, այնուհետև աշնանը տեղի են ունենալու ամենաշատ ՏԻՄ ընտրությունները, մասնավորապես, 70 համայնքից 46-ում ունենալու ենք ընտրություններ: Այսինքն՝ համայնքների 65 տոկոսում տեղի են ունենալու ընտրություններ: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Ընտրական բուռն տարին է պատճառը, որ, ըստ հանձնաժողովի նախագահի, ԿԸՀ բյուջետային հայտը 2026 թվականի համար շատ մեծ է, այն է՝ 7 մլրդ 568 մլն դրամից մի փոքր ավելի գումար է նախատեսված:

«ՏԻՄ ընտրությունների համար հատկացվելու է 2,5 մլրդ դրամ, ԱԺ ընտրությունների համար՝ 4 մլրդ 451 մլն դրամ: 2021 թվականին ՏԻՄ ընտրություններին բյուջեից հատկացվել է 1,7 մլրդ դրամ, 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ՝ 2,8 մլրդ դրամի կարգի գումար»,- ասաց նա:

2024 թվականին Հայաստանի ԿԸՀ-ն ընտրվել է Ընտրական մարմինների միջազգային ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ: Վահագն Հովակիմյանը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է, որ 2026 թվականի մարտին Հայաստանում կանցկացվի ասոցիացիայի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում ՀՀ կժամանեն 18 երկրի ԿԸՀ ներկայացուցիչներ: Այս միջոցառման իրականացման շրջանակում ակնկալվում է, որ պետբյուջեից ԿԸՀ-ին կտրամադրվի 30 մլն դրամ:

  • Կիսվել: