երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
2025-ի տասն ամիսներին դպրոցաշինության ծրագրով կապիտալ ծախսերի 64 միլիարդ դրամի կատարողական ունենք. ԿԳՄՍ նախարար

2025-ի տասն ամիսներին դպրոցաշինության ծրագրով կապիտալ ծախսերի 64 միլիարդ դրամի կատարողական ունենք. ԿԳՄՍ նախարար

Չափազանցություն չի լինի ասել, որ երբեք, անկախության շրջանում որևէ կառավարություն այնքան ներդրում չի արել այս ոլորտներում, ինչքան արվում է այս կառավարության օրոք:

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: 

Նրա խոսքով՝ բյուջեի շուրջ 38 տոկոսը կազմում են կապիտալ ծախսերը՝ 168,7 միլիարդ դրամ:

Կապիտալ ծախսերը 2021-ի համեմատ աճել են 1168 տոկոսով, 2025-ի համամատ աճելու են 34,8 տոկոսով:

Անդրեասյանն անդրադարձավ իրենց հաճախ ուղղվող քննադատությանը, որը վերաբերում է կապիտալ ծախսերի կատարողականին:

«Մենք ամեն տարի խոսում ենք այն մասին, որ կապիտալ ծախսերի կատարողականն այնպիսին չէ, ինչպիսին մենք կուզեինք տեսնել, և այստեղ ունենք բարելավման էական կարիք, և այս տարին մեզ ցույց է տալիս, որ հետևողական ջանքն արդյունք է թողնում, և մենք կապիտալ ծախսերի որակական փոփոխություններ ենք արձանագրում»,- ասաց նախարարը՝ օրինակ բերելով դպրոցաշինության ոլորտից: 

«2025-ի տասն ամիսներին դպրոցաշինության ծրագրով մենք կապիտալ ծախսերի 64 միլիարդ դրամի կատարողական ունենք: Ամբողջ 2023 թվականի ընթացքում մեր կատարողականը եղել է 20 միլիարդ, 2024-ին՝ 40 միլիարդ, այսինքն՝ կապիտալ ծախսերի կատարողականի առաջընթացը ցույց է տալիս, որ հիմա մենք 1 եռամսյակում անում ենք այնքան կապիտալ ծախս, ինչքան նախկինում, օրինակ՝ անցած տարի, կարող էինք անել մի ամբողջ տարվա ընթացքում»,- նշեց նախարարը՝ ընդգծելով՝ դա տեղի է ունենում այն բանի հաշվին, որ իրականում մենք խոսում ենք ոչ միայն, օրինակ, դպրոցների շինարարության մասին, այլև ինստիտուցիոնալ բարեփոխման ու կարողությունների զարգացման:

  • Կիսվել: