2025-ի առաջին կիսամյակի արդյունքներով բյուջեի եկամտային մասը 2018-ի համեմատությամբ ավելացրել ենք 136 տոկոսով. Փաշինյան
2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ մենք բյուջեի եկամտային մասը 2018 թվականի համեմատությամբ ավելացրել ենք 781 մլրդ դրամով կամ 136 տոկոսով: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա նշանակում է, որ 2018 թվականի առաջին կիսամյակի բյուջեի եկամուտների կողքը մի հատ էլ նույն չափով եկամուտներ են ձևավորվել, այսինքն՝ մի հատ այս բաժակը կար 2018-ին (ցույց է տալիս սեղանին դրված բաժակը-խմբ.), մի հատ էլ այս ձևի բաժակ կողքը հայտնվել է՝ պլյուս 36 տոկոս»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ սա ոչ միայն Կառավարության ջանքն է, և այս համատեքստում նա շնորհակալություն հայտնեց այն տնտեսվարողներին, որոնք աշխատում են, արդյունք են ստեղծում, հարկեր են վճարում: Նաև շնորհակալություն հայտնեց պետական ու համայնքային այն ծառայողներին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ջանք են ներդնում ստվերային տնտեսությունը կրճատելու և պատշաճ հարկային հավաքագրումներ ապահովելու համար:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նաև այն բոլոր քաղաքացիներին, որոնք անգամ 10 դրամի առևտուր անելու դեպքում ՀԴՄ են պահանջում:


