հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
2021-ին արձանագրված հարկեր/ՀՆԱ 22.7 % մակարդակը պատմականորեն ամենաբարձրն է

2021-ին արձանագրված հարկեր/ՀՆԱ 22.7 % մակարդակը պատմականորեն ամենաբարձրն է

Հարկային վարչարարության զարգացման շնորհիվ հնարավոր է եղել գերակատարել հարկային եկամուտների և պետական տուրքերի պլանը շուրջ 147 մլրդ դրամով։ Ոլորտում վարչարարության բարելավման արդյունքում հնարավոր է եղել բարելավել հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 0,3 տոկոսային կետով և 2021 թվականին արձանագրել պատմական ամենաբարձր՝ 22,7 տոկոս հարկեր/ՀՆԱ մակարդակը: Այս մասին նշված է ՀՀ կառավարության հաշվետվությունում։

Պղնձի և մոլիբդենի միջազգային բարենպաստ կոնյուկտուրայի կապակցությամբ փոփոխություններ են կատարվել այս երկու մետաղների արտահանման հարկման մեխանիզմում, որի շնորհիվ 2021 թվականի ընթացքում բյուջե մուտքագրվել է շուրջ 24,6 մլրդ դրամի լրացուցիչ հարկ, իսկ մինչև 2022 թվականի փետրվարը՝ շուրջ 33,9 մլրդ դրամ:

Եկամտային հարկի դրույքաչափի համահարթեցման Կառավարության որդեգրած քաղաքականության շնորհիվ 2021 թվականի դեկտեմբեր ամսին աշխատատեղերի թվաքանակը կազմել է 659 471, որը բացարձակ ռեկորդ է Հայաստանի՝ նախորդող շրջանի ողջ պատմության համար: 2020 թվականի նույն ամսվա համեմատ աշխատատեղերի աճը կազմել է 6,1%, 2019 թվականի նույն ամսվա համեմատ՝ 4,9%, 2018 թվականի նույն ամսվա համեմատ՝ 12,1%: 2021 թվականի եկամտային հարկի հավաքագրումները շուրջ 29 մլրդ դրամով կամ 7 %-ով գերազանցել են 2020 թվականի, շուրջ 36 մլրդ դրամով կամ 9 %-ով՝ 2019 թվականի, շուրջ 97 մլրդ դրամով կամ 27 %-ով՝ 2018 թվականի հավաքագրումները՝ կազմելով շուրջ 458 մլրդ դրամ:

Որդեգրվել է այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն կընձեռի առաջիկա երեք տարիների ընթացքում բնակարանաշինական ծրագրերը Երևանի կենտրոնական գոտիներից աստիճանաբար տեղափոխել ծայրամասային գոտիներ, իսկ այնուհետև՝ մարզեր՝ դրանով նպաստելով ՀՀ մարզերում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացմանն ու կյանքի որակի բարելավմանը։ 2021 թվականի հարկ վճարողներին վերադարձված գումարը (հիփոթեքի տոկոս, շահաբաժին, ուսման վարձ) կազմել է շուրջ 32 մլրդ դրամ, որը շուրջ 14 մլրդ դրամով կամ 78 %-ով ավելի է 2020 թվականին, շուրջ 20 մլրդ դրամով կամ 167 %- ով՝ 2019 թվականին, շուրջ 27 մլրդ դրամով կամ 540 %-ով` 2018 թվականին վերադարձված գումարներից: Գործարկվել է հիփոթեքային վարկերի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման էլեկտրոնային հարթակը, որը թույլ է տալիս նախկինում շուրջ 15 օր տևող գործընթացն իրականացնել հաշված րոպեների ընթացքում:

Պետությունը չունի և 2021 թվականի ընթացքում հարկ վճարողներին պարտք չի ունեցել` վերջիններիս դիմումներով պահանջված վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների մասով. ԱԱՀ դեբետային գումարների գծով վերադարձն իրականացվում է ամսական պարբերականությամբ: 2021 թվականին վերադարձվել է ռեկորդային չափով՝ շուրջ 146,3 մլրդ դրամի ԱԱՀ, որը շուրջ 26,1 մլրդ դրամով կամ 22 %-ով ավելի է 2020 թվականին, շուրջ 18,3 մլրդ դրամով կամ 11%-ով պակաս է 2019 թվականին, շուրջ 59,6 մլրդ դրամով կամ 69%-ով ավելի է 2018 թվականին վերադարձված ԱԱՀ-ի դեբետային գումարներից: Հատկանշական է, որ 2019 թվականի համեմատությամբ անկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2019 թվականի ընթացքում հարկ վճարողներին վերադարձված շուրջ 164,6 մլրդ դրամի ԱԱՀ-ի դեբետային գերավճարի գումարներից շուրջ 42 մլրդը մինչ 2017 թվականի 2-րդ կիսամյակն առաջացած գումարն է, որը Կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխության շրջանակներում 2019 թվականի ընթացքում նույնպես վերադարձվեց հարկ վճարողներին (մինչ օրենսդրական փոփոխությունը վերադարձման ենթակա չէր): Այսինքն, եթե 2021 թվականին վերադարձված ԱԱՀ-ի դեբետային գերավճարի գումարների 2019 թվականի հետ համեմատությունը կատարվի առանց նշված շուրջ 42 մլրդ դրամի, ապա 2021 թվականի աճը` 2019 թվականի համեմատությամբ, նույնպես ակնհայտ է և գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը շուրջ 23,7 մլրդ դրամով կամ 19%-ով:

2021 թվականին մեկնարկեց բարեփոխված գույքային հարկերի կիրառումը, որի վերջնանպատակը համայնքների բյուջեների եկամուտների զգալի ավելացումը և տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական անկախության մակարդակի բարձրացումն է: Շուկայականին մոտարկված արժեքների հիման վրա գույքային հարկերի վճարումը հարկման արդարության արմատավորման ուղղությամբ Կառավարության քաղաքականության կարևոր բաղադրիչներից է: Մասնավորապես, բարեփոխման հիմքում ընկած՝ հարկման ուղղահայաց արդարության սկզբունքի տրամաբանությամբ՝ բարձրարժեք գույքի համար սահմանվել է պրոգրեսիվ հարկային բեռ՝ դրանով վերաիմաստավորելով գույքային հարկերի ինստիտուտը՝ որպես հասարակության եկամուտների վերաբաշխման կարևոր համակարգ։

2021 թվականի ընթացքում պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ շուրջ 3,2 տոկոսային կետով նվազել է՝ հասնելով 60,3 %-ի։ Կառավարությանը հաջողվել է պարտքը վերադարձնել կառավարման տեսանկյունից էականորեն ավելի ապահով միջակայք: Պարտքի բեռի նվազեցմանը զուգահեռ բարելավվել է նաև դրա կառուցվածքը՝ դրամային պարտքը կշիռը կանխատեսվող 27,9 %-ի փոխարեն հասել է 28,8 % մակարդակի:

  • Կիսվել: