Կարող էինք խնայել և ստեղծել մատչելի, բայց խղճուկ տեսք ու որակ ունեցող պրոդուկտ. Սիրուշոն՝ տիկնիկների գների մասին
Ուզում ենք հնարավորինս շատ երեխաների համար հասանելի լինեն տիկնիկները և առաջիկայում կփորձենք մեր արտասահմանյան գործընկերների հետ բանակցությունների շնորհիվ նաև ավելի մատչելի տիկնիկներ ստեղծել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Սիրուշոն․
«Օրեր առաջ ներկայացրեցինք մեր առաջին տիկնիկը, որն այդքան արագ սիրվեց։ Այն ստեղծելիս ուզում էինք այնպես անել, որ հայկական տիկնիկը՝ հայ կնոջ կերպարով, որակապես լինի մաքսիմալ միջազգային ստանդարտներին համապատասխան։ Իհարկե, կարող էինք խնայել և ստեղծել մատչելի, բայց խղճուկ տեսք ու որակ ունեցող պրոդուկտ, նման տիկնիկներ շատ կան շուկայում։ Մեր խնդիրն այլ բան էր՝ որ երեխայի պահարանում գտնվող հայ աղջկա բարբին ոչնչով չզիջի իր մյուս եվրոպական տեսք ունեցող տիկնիկներին։ Սա փոքրիկ աղջկա ազգային ընկալման ու մտածելակերպի մեջ շատ բան է փոխում ու նվազեցնում օտարամոլության ձգտումը։ Այս դարում, երբ ուժեղ պրոպագանդվում է արմատներից հեռացումը, երեխայի մոտ ձգտում առաջացնելը դեպի հայկականը բնավ հեշտ չէ, ու դրա համար պետք է կարողանալ ստեղծել մրցունակ գաղափար ու պրոդուկտ։
Հաշվի առնելով այն աշխատանքն ու նյութածախսը, որն արվել է՝ այն շատ ավելի թանկ կարժենար, եթե զուտ բիզնեսային տեսանկյունից դիտարկվեր։ Բայց շնորհակալություն նաև համագործակցող խանութներին, ովքեր մեզ հետ միասին կարևորել են գաղափարը, ու ոչ թե զուտ եկամուտը. այս դարում դա շատ գնահատելի է։
Ուզում ենք հնարավորինս շատ երեխաների համար հասանելի լինեն տիկնիկները և առաջիկայում կփորձենք մեր արտասահմանյան գործընկերների հետ բանակցությունների շնորհիվ նաև ավելի մատչելի տիկնիկներ ստեղծել։
Մենք մեր տիկնիկներին շատ ենք սիրում, ուրախ ենք, որ դուք նույնպես))»։