Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին
Ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն, ով վերջերս է իմացել իր հայկական արմատների մասին, Instagram-ում պատմել է Հայոց ցեղասպանությունն ապրած իր մեծ տատի մասին։
«Սա իմ մեծ տատից՝ Թերվիզ «Վարդ» Դարաքջյանից մնացած երկու լուսանկարներից մեկն է. նրա գրկում իմ փոքրիկ տատիկն է՝ Սիրարփին «Սոնդրա»: Սա արվել է նախքան նրանց՝ Ատլանտյան օվկիանոսով դեպի Ամերիկա գնալը»,-լուսանկարին կից գրել է Մանգանիելոն։
«Հարազատներս դեռ վիճում են՝ արդյոք Սիրարփին իմ մեծ տատիկի իններո՞րդ, թե՞ տասներորդ երեխան էր։ Որովհետեւ նրա բոլոր նախորդ երեխաները սպանվել կամ սովամահ են եղել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ: Նրա ամուսնուն սպանել են, ինչպես եւ մի շարք աշխատունակ տղամարդկանց՝ դիմադրության հավանականությունը նվազեցնելու համար: Թերվիզի վրա կրակել են, բայց նա մի կերպ ողջ է մնացել՝ պահվելով «տեղահանման ճամբարում», որտեղ նա հղիացել է պատերազմի ժամանակ Թուրքիա տեղափոխված գերմանացի զինվորից։
Անկախ նրանից, թե Բարու եւ Չարի ճակատամարտի արանքում որտեղ եմ ես կանգնած, սա այն է, ինչ պետք է տեղի ունենար, որպեսզի իմ մայրը, իսկ այժմ՝ ես, գոյություն ունենայինք այս մոլորակի վրա եւ ստանայինք Կյանքի պարգեւը:
Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը սգում է 1,5 միլիոն զոհվածների կորուստը եւ հարգանքի տուրք մատուցում իմ մեծ տատի նման մարդկանց, ովքեր վերապրել են եւ մեզ փոխանցել հայկական մշակույթը: Սփյուռքի շնորհիվ նրանք հավերժ կապրեն իրենց ժառանգների պատմած պատմություններում...ինչպես իմ պատմությունում»: