Ձերբակալվել է Առնոլդ Շվարցենեգերը
Մյունխենի օդանավակայանում ձերբակալել են Առնոլդ Շվարցենեգերին, հայտնել են քաղաքի գլխավոր մաքսային վարչության մամուլի ծառայությունում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ մաքսային մարմինները զրույց են անցկացնում ավստրոամերիկացի հայտնի դերասան Շվարցենեգերի հետ, դատական գործընթաց է սկսվել հարկային օրենսդրության խախտման կասկածանքով, դերասանին շուտով ազատ կարձակեն:
՛՛Ես կարող եմ հաստատել, որ նա մեզ մոտ է արդեն մոտ երկու ժամ։ Սա ստանդարտ գործընթաց է, որը մենք պարտավոր ենք անել։ Հարուցվել է հարկային դատավարություն՛՛,-ասել է մաքսատան ներկայացուցիչը ։
Նա չի հաստատել, բայց նաև չի հերքել, որ խոսքը Audemars Piguet չհայտարարագրված արժեքավոր ժամացույցների տեղափոխման մասին է, որոնք Շվարցենեգերը, ըստ ԶԼՄ-ների, մտադիր էր բարեգործական նպատակներով վաճառքի հանել Ավստրիայում կլիմայի գագաթնաժողովի ժամանակ:
Օրենքի ենթադրյալ խախտման հանգամանքների հետաքննության ընթացքում մաքսային մարմինները հարցում կուղարկեն տուգանքների սահմանման ծառայությանը։