Ժապարովը և Ռահմոնը կստորագրեն Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանի մասին համաձայնագիրը
Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովը և Էմոմալի Ռահմոնը մտադիր են Բիշքեկում կայանալիք հանդիպման ժամանակ ստորագրել սահմանի շուրջ համաձայնագիրը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Մուրատբեկ Ազիմբակիևը։
«Նախատեսվում են Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի համատեղ հայտարարության ընդունում, Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև պետական սահմանի մասին համաձայնագրի և երկկողմ այլ փաստաթղթերի ստորագրում», - ասել է նա՝ մեկնաբանելով մարտի 12-13-ին Տաջիկստանի նախագահի պետական այցը Բիշքեկ։
Ազիմբակիևի խոսքով՝ այցի շրջանակներում Տաջիկստանի նախագահը հանդիպումներ կունենա նաև Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուռլանբեկ Թուրգունբեկի և Նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևի հետ։
Փետրվարի 21-ին Ղրղզստանի և Տաջիկստանի պաշտոնյաները Բիշքեկում ստորագրել են սահմանի ընդհանուր հատվածի սահմանագծման մասին արձանագրությունը։
Ղրղզստանում նշել են, որ կողմերը փոխանակել են համարժեք վիճելի տարածքներ։
Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանի երկարությունը կազմում է մոտ 980 կմ։ Դրա սահմանագծման շուրջ բանակցությունները շարունակվում են 2002 թ. դեկտեմբերից։
Այդ հարցի չկարգավորվածությունը բազմիցս դարձել է բախումների պատճառ երկու հանրապետությունների բնակիչների և զինվորականների մասնակցությամբ, այդ թվում՝ հրազենի կիրառմամբ։ Դրանցից վերջինը տեղի է ունեցել 2022 թ. աշնան սկզբին։ 2014 թվականից ի վեր ղրղզատաջիկական սահմանին տեղի է ունեցել ավելի քան 10 լուրջ բախում։
Ղրղզստանը սահմանակից է Չինաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին։ Տաջիկստանը մնացել է վերջին հարևան պետությունը, որի հետ Ղրղզստանը մինչ այժմ չի կարողացել լուծել բոլոր սահմանային հարցերը: