շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Ժան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպան

Ժան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպան

Ամերիկաբելգիացի դերասան Ժան Կլոդ Վան Դամը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ցանկություն հայտնելով գալ Ռուսաստան և դառնալ խաղաղության դեսպան. նրա հայտարարությունը հրապարակվել է ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոյի Telegram ալիքում։

2022 թվականի դեկտեմբերին Վան Դամն այցելել է Ուկրաինայի Ուժգորոդ, որտեղ այցելել է հիվանդանոցներից մեկը։ Ուկրաինական Strana հրատարակության փոխանցմամբ՝ դերասանը հիվանդանոցի աշխատակիցներին խնդրել է չհրապարակել այցի պատճառները։

«Ողջույն, պարոն Պուտին... Մենք  ցանկանում  ենք գալ Ռուսաստան, մենք կփորձենք դա անել այնպես, ինչպես Դուք ճիշտ եք համարում, որպեսզի (ես հնարավորություն ունենամ.-Խմբ.) դառնալ խաղաղության դեսպան... Եկեք դա անենք»: - ասաց Վան Դամը:
Դերասանի խոսքով՝ ինքը պատրաստ չէ Ռուսաստանի ղեկավարի հետ քաղաքականություն քննարկել, այլ ցանկանում է խոսել բացառապես «խաղաղության, սպորտի ու երջանկության» մասին։ Եզրափակելով՝ Վան Դամը «մեծ համբույր» է տվել Պուտինին, նրա ընտանիքին և Ռուսաստանին։

Կադրերում ուկրաինացի գործարար և Տարածաշրջանների կուսակցության նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն Վան Դամի հետ է։ Ապրիլի 12-ին նա Instagram-ում համատեղ լուսանկար է հրապարակել դերասանի հետ՝ արված Դուբայում, սակայն  տեսանյութի ձայնագրման ամսաթիվն անհայտ է։

  • Կիսվել: