երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը

Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ նոր վարչապետ Էնդի Բըրնհեմի հետ բանակցությունների: Նա առաջին օտարերկրյա ղեկավարն է, որ այցելում է Լոնդոն հուլիսի 20-ին Բըրնհեմի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր:

 X հարթակում Զելենսկին գրել է, որ այցի օրակարգում են հանդիպումներ վարչապետ Էնդի Բըրնհեմի, ինչպես նաև Բրիտանիայում վերապատրաստվող ուկրաինացի զինծառայողների հետ:

 

«Լայնածավալ պատերազմի տարիների ընթացքում մենք կառուցել ենք Ուկրաինայի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ողջ պատմության ընթացքում ամենաամուր հարաբերությունները։ Հիմնական առաջնահերթություններն են օդային պաշտպանությունը, ծովային անվտանգությունը և համատեղ պաշտպանական արտադրությունը՝ համագործակցություն, որն ուժեղացնում է երկու երկրները։ Մենք գնահատում ենք, որ միշտ կարող ենք հույս դնել Մեծ Բրիտանիայի սկզբունքային որոշումների, առաջնորդության և աջակցության վրա», - գրել է Զելենսկին։

Նա հավելել է, որ կողմերը կշարունակեն ամրապնդել գործընկերությունը և ընդլայնել երկու երկրների անվտանգությունը:

Զելենսկու այցից առաջ Բըրնհեմը խոստացել է շարունակել Ուկրաինային անսասան աջակցությունը: Ըստ Դաունինգ Սթրիթի ներկայացուցիչների՝ այն, որ Զելենսկին Բրիտանիայի նոր վարչապետի առաջին օտարերկրյա հյուրն է, «ցույց է տալիս երկու երկրների միջև հարաբերությունների ամրությունը», հաղորդում է BBC-ն:

Պարբերականը նշում է, որ երկու առաջնորդները կայցելեն ռազմածովային բազա, որտեղ Բըրնհեմը կհայտարարի, որ Կիևին է փոխանցում մտավոր սեփականությունը, որն ընկած է բրիտանական նոր ռադիոէլեկտրոնային պատերազմի Stone Cloak համակարգի հիմքում. սա Ուկրաինային թույլ կտա արտադրել համակարգը մեծ մասշտաբներով։

«Մեծ Բրիտանիան ուս-ուսի տված կանգնած է Ուկրաինայի կողքին, և մեր աջակցությունը մնում է անսասան։ Ռուսաստանը չպետք է կասկածի մեր վճռականության վրա, և մենք չենք նահանջի, մինչև չհասնենք Ուկրաինայի համար երկարատև և արդար խաղաղության», - հայտարարել է Բըրնհեմը։

Նա հավելել է, որ Stone Cloak-ը բրիտանական լավագույն մշակումն է, որը փորձարկվել է առաջնագծում, և կենսական նշանակություն կունենա անվտանգության պաշտպանության համար ինչպես Բրիտանիայում, այնպես էլ Ուկրաինայում:

 

  • Կիսվել: