Զելենսկին ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։
Նա, մասնավորապես, նշել է. «Զրույցը շարունակվեց խաղաղության հասնելու հնարավորությունների, թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության, մեր տեխնոլոգիական հնարավորությունների մասին՝ ներառյալ անօդաչու սարքերը և ժամանակակից այլ արտադրությունները: Շնորհակալ ենք նախագահ Թրամփին՝ հետաքրքրվելու համար, թե ինչ կարող ենք անել միասին»։
Զելենսկին նաև տեղեկացրել է, որ նախագահ Թրամփն իրեն ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցի մանրամասները։
«Ուկրաինան ամենից շատ է խաղաղություն ուզում։ Մենք Ամերիկայի հետ սահմանում ենք մեր համատեղ քայլերը՝ կասեցնելու ռուսական ագրեսիան և երաշխավորելու հուսալի, կայուն խաղաղություն։ Ինչպես նախագահ Թրամփն ասաց, եկեք հասնենք դրան: Մենք պայմանավորվեցինք հետագա շփումների և հանդիպումների մասին»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցի շուրջ։