Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է ծովում զինադադարի պայմանները խեղաթյուրելու համար
Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է մանիպուլյացիաների համար՝ Սև ծովում հրադադարի համաձայնագրի պայմանները մեկնաբանելիս, որը կնքվել է Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ, գրում է DW-ն։
«Ցավոք սրտի, արդեն հիմա՝ հենց բանակցությունների օրը, տեսնում ենք, թե ինչպես են ռուսները սկսել մանիպուլյացիա անել։ Կրեմլը կրկին ստում է՝ հայտարարելով, որ Սև ծովում հրադադարի ռեժիմը կախված է պատժամիջոցների վերացման հարցից»,- հայտարարել է Զելենսկին և նշել, որ բանակցությունների վերաբերյալ Սպիտակ տունը հայտարարություններում դրա մասին խոսք չկա:
Նա նաև սուտ է անվանել Կրեմլի այն պնդումը, թե էներգետիկ ենթակառուցվածքների գնդակոծման արգելքը ուժի մեջ է մտել մարտի 18-ին, և զգուշացրել է, որ եթե ռուսական զորքերը շարունակեն հարձակվել Ուկրաինայի վրա, ուկրաինական զինուժը կպատասխանի հարվածներով։
DW-ն գրում է, որ մարտի 25-ին ԱՄՆ-ը, Ուկրաինան և Ռուսաստանը հայտարարություններ են տարածել Էր Ռիադում բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Երեք տեքստերը ընդհանուր առմամբ նման են, բայց տարբերվում են մանրամասներով։ Երեք երկրներն էլ գրել են Սև ծովում ռուս-ուկրաինական զինադադարի, Մոսկվայի և Կիևի կողմից էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների արգելքի ու հետագա բանակցությունների պատրաստակամության մասին։