Զելենսկին Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալ ստեղծելու մասին համաձայնագիր է ստորագրել Ստրասբուրգում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ համաձայնագիր է ստորագրել Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի հանցագործության համար Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալ ստեղծելու մասին: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Յուրաքանչյուր հանցագործ պետք է իմանա, որ արդարություն կա, և դա վերաբերում է նաև Ռուսաստանին: Արդարադատությունը ժամանակ է պահանջում, բայց ես վստահ եմ, որ այն պետք է իրականացվի։ Մենք պետք է հստակ ցույց տանք, որ ագրեսիան հանգեցնում է պատժի», - հայտարարել է Զելենսկին համաձայնագրի ստորագրումից հետո։
Հատուկ դատարանը պետք է դատի այն բարձրաստիճան քաղաքական և ռազմական առաջնորդներին, որոնք պատասխանատու են Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների համար։ Սակայն դատարանը կկարողանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդեպ դատավարություն սկսել միայն այն բանից հետո, երբ նրանք թողնեն իրենց պաշտոնները։
Մինչ այդ դատարանը կկարողանա միայն հետաքննություններ անցկացնել, ապացույցներ հավաքել և մեղադրական եզրակացություններ պատրաստել:
Դատարանը կազմված կլինի 15 դատավորից, որոնք կնշանակվեն տվյալ մարմնի ստեղծման համաձայնագրին միացող պետությունների ներկայացուցիչների կողմից։
ՄԱԿ-ն ագրեսիայի հանցագործություն է համարում որևէ պետության կողմից զինված ուժի կիրառումը մեկ այլ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ։