Զելենսկին ներողություն չի խնդրի Թրամփից. BBC News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ պատրաստ է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջներից մեկը՝ ստորագրել հանքային ռեսուրսների վերաբերյալ
համաձայնագիրը, որը թույլ կտա ԱՄՆ-ին ուկրաինական ռեսուրսների հասանելիություն ունենալ։ Այս մասին հայտնել է BBC News-ի թղթակից Լաուրա Քյունսբերգը, որը մարտի 2-ի երեկոյան բրիտանացի այլ լրագրողների հետ զրուցել է Զելենսկու հետ Լոնդոնի «Սթանսթեդ»
օդանավակայանում։
«Նա ներողություն չի խնդրի Թրամփից կամ չի զղջա Օվալաձեւ աշխատասենյակում տեղի ունեցածի համար, ինչին այս պահին ԱՄՆ նախագահի ճամբարը բազմիցս կոչ է արել»,- ասել է պարբերականի լրագրողը։ Նա նշել է, որ ԶԼՄ-ների հետ շփվելու ընթացքում «Զելենսկու տոնայնության մեջ ոչինչ չկար, որը ցույց տար, որ նա շահագրգռված է հաշտվել»:
Զելենսկին լրագրողներին ասել է, որ երկար ճանապարհ է անցել Սպիտակ տուն հասնելու համար, եւ նրա այցը հարգանքի նշան էր: Ուկրաինայի նախագահն ավելացրել է, որ երբեք «ոչ մեկին չի վիրավորի», եւ այն, ինչ տեղի ունեցավ Սպիտակ տանը, ձեռնտու չէր կողմերից ոչ մեկին։