հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Զելենսկին արձագանքել է Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցին

Զելենսկին արձագանքել է Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցին

Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցին. նրա հայտարարությունները մեջբերում են Reuters և AFP գործակալությունները:

Ուկրաինայի նախագահը աջակցություն է հայտնել էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում 30-օրյա հրադադարի գաղափարին, սակայն հայտարարել է, որ ցանկանում է դրա մասին ավելի շատ մանրամասներ իմանալ ԱՄՆ-ից:

Նրա խոսքով՝ Կիևի գործընկերները չեն դադարի ռազմական օգնություն տրամադրել: Զելենսկին նշել է, որ Ուկրաինան կաջակցի ցանկացած առաջարկի, որը կհանգեցնի երկարատև, կայուն և արդար խաղաղության։

Ուկրաինան տեսնում է, որ Ռուսաստանը ուժեր է հավաքում Սումիի մարզի հետ սահմանին, ասել է Զելենսկին՝ նշելով, որ բացի դրանից՝ ՌԴ ԶՈՒ-ն, հարձակում է նախապատրաստում Խարկովի և Զապորոժիեի ուղղություններով, որպեսզի առավելագույն ճնշում գործադրի Ուկրաինայի վրա:

«Ուկրաինայի զինված ուժերը կշարունակեն մարտական գործողություններ իրականացնել Կուրսկի մարզի տարածքում»,- ասել է Զելենսկին։

Անդրադառնալով բանակցություններին՝ նա ասել է, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններն առանց Ուկրաինայի արդյունք չեն տա։

Ուկրաինայի ղեկավարը մեկնաբանել է գերիների փոխանակման մասին Պուտինի հայտարարությունը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի կողմից իրական «բարի կամքի ժեստ» կլիներ ուկրաինացի բոլոր ռազմագերիների ազատ արձակումը։

Զելենսկու խոսքերով՝ առանց նախապայմանների կամ մասնակի պայմաններով հրադադարը լավ արդյունք և քայլ կլինի խաղաղության ճանապարհին։

«Պուտինի հնչեցրած պայմանները ցույց են տալիս, որ Ռուսաստանը «պատրաստ չէ» պատերազմի ավարտին»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՌԴ-ն Ուկրաինային կփոխանցի ծանր վիրավոր 23 ուկրաինացի զինվորականի։ Պուտինը համաձայնել էր էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներից 30 օրով փոխադարձ հրաժարվելու գաղափարին:

Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ Ուկրաինայում խաղաղության շարժումը կսկսվի էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում հրադադարից, ինչպես նաև Սև ծովում կրակի դադարեցման, լիակատար հրադադարի և մշտական խաղաղության մասին տեխնիկական բանակցություններից։

  • Կիսվել: