շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Վուչիչը Պուտինին հայտնել է, որ ցանկանում է երկարաձգել ռուսական գազի արտոնյալ մատակարարման պայմանագիրը

Վուչիչը Պուտինին հայտնել է, որ ցանկանում է երկարաձգել ռուսական գազի արտոնյալ մատակարարման պայմանագիրը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սոցցանցի իր էջում գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին։ 

Վուչիչը նախատեսում է հրաժարականը ներկայացնել սեպտեմբերի 27-ի երեկոյան, ինչից հետո հանդես կգա ուղերձով և կներկայացնի որոշման հիմնավորումը։ Նա գլխավորելու է «Միավորված Սերբիա» դաշինքի ընտրական ցուցակը և հավակնելու է վարչապետի պաշտոնին հոկտեմբերի 25-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններում։

Վուչիչը նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ ակնկալում է, որ սեպտեմբերի 30-ից հետո արտոնյալ գնով ռուսական գազի մատակարարման պայմանագիրը կերկարաձգվի:

«Կարծում եմ՝ այսօրվա զրույցի արդյունքներով այն կերկարաձգվի, և մենք կկարողանանք գազի կայուն մատակարարումներ ապահովել», — Instagram-ում գրել է նա:

Սերբիայի նախագահի խոսքով՝ գործող պայմանագիրը Սերբիային թույլ է տալիս ռուսական գազը ձեռք բերել 1000 խորանարդ մետրի դիմաց 318 եվրոյով: Համեմատության համար Վուչիչը նշել է, որ շուկայական գինը կազմում է 868 եվրո:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին՝ սերբական կողմի նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ Վուչիչը Սերբիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից։ Նրա երկրորդ նախագահական ժամկետը պետք է ավարտվեր 2027 թվականին։

 

  • Կիսվել: