երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Վրաստանը վտարել է բելառուսցուն Հայաստան, որտեղ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակել

Վրաստանը վտարել է բելառուսցուն Հայաստան, որտեղ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակել

Վրաստանի իշխանությունները վտարել են Բելառուսի քաղաքացի Լև Միխեևին Հայաստան, որտեղ նրան ձերբակալել են բելառուսական իշխանությունների հարցմամբ, սակայն հետո ազատ են արձակել: Այդ մասին Միխեևը պատմել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը:

Բելառուսցին Վրաստանում ապրել է հինգ տարի: Սեպտեմբերի 25-ին նա ներկայացել է երկրի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի միջազգային պաշտպանության բաժին՝ երկարաձգելու անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթի՝ հոկտեմբերի 9-ին լրացող ժամկետը, սակայն այնտեղ նրան ձերբակալել են, ապա հաղորդել, որ անհապաղ պետք է լքի Վրաստանը. պարզվել է, որ երկու ամիս առաջ վրացական դատարանը Միխեևի միջազգային պաշտպանությունը մերժող վերջնական որոշում է ընդունել: Նա պնդում է, թե տեղյակ չէր այդ որոշման մասին:

Միգրացիոն ծառայության աշխատակիցները Միխեևին առաջարկել են ընտրել երկիրը, ուր իրեն վտարելու են՝ Բելառուս, Ռուսաստան, Թուրքիա կամ Հայաստան: Նա ընտրել է Հայաստանը, նույն օրը բելառուսցուն հասցրել են սահման՝ նրան հանձնելով անձնագիրը, հեռախոսը և Վրաստանում ապօրինի մնալու համար 1000 լարի (շուրջ 385 դոլար) տուգանքի անդորրագիրը:

Հայաստանի սահմանին անձնագրի ստուգման ժամանակ Միխեևին ձերբակալել են, քանի որ Բելառուսը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, և տարել Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք, որտեղ գիշերն անցկացնելուց հետո հաջորդ օրը նա ազատ է արձակվել:

  • Կիսվել: