ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Վրաստանը մնացել է առանց էլեկտրականության՝ լայնածավալ խափանման պատճառով

Վրաստանը մնացել է առանց էլեկտրականության՝ լայնածավալ խափանման պատճառով

Հուլիսի 24-ի գիշերը Վրաստանի ողջ տարածքում, ներառյալ Թբիլիսին և մյուս քաղաքները, տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում։ Լույսն անհետացել է նաև օկուպացված Աբխազիայում։

Անջատումը տեղի է ունեցել միաժամանակ, մոտավորապես ժամը 00:10-ին։ Խափանման պատճառով ավտոմատ կերպով դադարեցվել է Georgian Water and Power ընկերության պոմպակայանների աշխատանքը։ Երկրում էլեկտրաէներգիայի սպառումը կտրուկ նվազել է՝ 1 860-ից հասնելով 564 ՄՎտ-ի։

Էներգամատակարարումը սկսել են մասնակիորեն վերականգնել ժամը 02:00-ից հետո, իսկ առավոտյան էլեկտրականությունը վերականգնվել է ամբողջ երկրում։ Պետական էլեկտրահամակարգը հայտարարել է, որ վթարի պատճառները պարզվում են, մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

Սա Վրաստանում նման առաջին դեպքը չէ․ 2025 թվականի ապրիլին լայնածավալ անջատում էր տեղի ունեցել «Կավկազիոնի» 500 կՎ հզորությամբ էլեկտրահաղորդագծի վթարի պատճառով։

  • Կիսվել: