Վրաստանը դուրս է եկել ԱՊՀ-ի հետ գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման համաձայնագրից
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրամանագիր է ստորագրել ԱՊՀ-ի հետ գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման մասին համաձայնագիրը խզելու մասին, գրում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Վրաստանի ԱԳՆ-ն պարտավոր է անհապաղ տեղեկացնել երկրի նախագահին ու խորհրդարանին, ինչպես նաև ԱՊՀ-ի ղեկավար մարմնին համաձայնագրի դադարեցման մասին։
Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի հունիսի 26-ին։ Այն ուղղված է ԱՊՀ անդամ երկրների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ նախագծերի և հետազոտությունների խթանմանը։
Վրաստանը պաշտոնապես դուրս է եկել ԱՊՀ-ից 2009 թվականին, սակայն շարունակել է մասնակցել որոշ համաձայնագրերի։ 2024 թվականի հոկտեմբերին ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Վրաստանը պահպանել է կազմակերպության շրջանակներում տնտեսական ոլորտում հարաբերությունները կարգավորող 34 համաձայնագրերին իր մասնակցությունը։